Սարգսյանը բավական բարձր գին սահմանեց Մեդվեդևի այցի համար

Սարգսյանը բավական բարձր գին սահմանեց Մեդվեդևի այցի համար

ԵՏՄ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը ուշագրավ էր բովանդակային շեշտադրումների առումով՝ նկատի ունենալով դրանում թե՛ Հայաստանի համար կարևոր մի քանի հարցերի ընդգծված մատնանշումը՝ որպես կազմակերպության խնդիր, թե՛ աննախադեպ կոնկրետությունը: Այդ հանգամանքը հետաքրքիր է առաջիկա օրերին Երևանում սպասվող ԵՏՄ վարչապետների հավաքի ֆոնին, որին մասնակցելու է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բանն այստեղ ակնկալիքը չէ, որ առաջին դեմքերի մակարդակով բարձրացված տնտեսաքաղաքական հարցադրումները արագությամբ կստանան լուծում վարչապետների հավաքին: Այդ տեսանկյունից անշուշտ ակնառու է, որ Սարգսյանը փորձեց, այսպես ասած, վարչապետների տնային հավաքի օրակարգ թելադրել: Բուն խնդիրը կամ ուշադրության արժանի հանգամանքը թերևս այն է, որ Սարգսյանն այդ օրակարգով միջամտում կամ, համենայնդեպս, միջամտության փորձ է անում Մեդվեդևի այցի քաղաքական կամ ներքաղաքական ենթատեքստին, որը ոչ միայն պակաս կարևոր չի դիտվում տնտեսական բուն միջոցառման ֆոնին, այլև գուցե ամենից շատն է հետաքրքրում հայաստանյան համակարգին: Հարցն այն է, որ Մեդվեդևի այցը դիտարկվում է Հայաստանում 2018-ի խնդրի կոնտեքստում, և կա սպասում, որ այցը լինելու է աջակցություն վարչապետ Կարապետյանի համար՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հենց Մեդվեդևի հետ հանդիպումով ընթացիկ տարվա հունվարին իր վարչապետական հավակնությունը 2018-ի մասով լրջացրեց Կարապետյանը: Այդ տեսանկյունից Մեդվեդևի այցը նշանային կարող է դիտվել նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության կոնտեքստում, որը ևս փնտրում էր Մեդվեդևի աջակցությունը, այդ թվում՝ այցի տեսքով, բայց երբ պետք էր՝ Մեդվեդևը չեկավ, իսկ երբ եկավ ` ապրիլի պատերազմից հետո, փաստորեն եկավ Աբրահամյանի հեռացման մեկնարկը տալու համար: Հենց դրա համար նա գնաց վա-բանկ այդ հանդիպմանն ու բացեց 200 միլիոնի զենքի ուշացման թեման: Այդպիսով, ներկայումս Սերժ Սարգսյանը ԵՏՄ գագաթնաժողովի ելույթն օգտագործում է Մեդվեդևի այցին ընդառաջ նշաձողը բարձրացնելու և թերևս դրա միջոցով այդ այցի քաղաքական ենթատեքստը կամ թեկուզ հնարավոր ենթատեքստը կառավարելու համար: Սարգսյանը գործնականում սահմանում է այդ մասով իր քաղաքական պլանների շուրջ բանակցային ձևաչափերից մեկում հարցի գինը, որը այդ ձևաչափի համար բավական բարձր է: