Շիրակի պետհամալսարանում ստուգումներն ավարտվել են․ ռեկտորը ասուլիս կտա

Շիրակի պետհամալսարանում ստուգումներն ավարտվել են․ ռեկտորը ասուլիս կտա

Հոկտեմբերի 2-ից Շիրակի պետական համալսարանում աշխատող ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները ավարտել են ուսումնասիրությունները, այս օրերին ամփոփվում են արդյունքները, և հավանաբար առաջիկա օրերին կհրապարակվի եզրակացությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ եզրակացության հրապարակումից հետո ինքը հանդես կգա ասուլիսով։ Ռեկտորը հրաժարվեց ասել, թե մասնավորապես ինչ են պարզել ստուգող հանձնաժողովի անդամները՝ հորդորելով սպասել։ Մինչ Սահակ Մինասյանը հորդորում է սպասել ուսումնասիրությունների արդյունքներին, գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը հրապարակում է Մինասյանի կոռուպցիոն մեխանիզմների, գործունեության մանրամասները։ Համբարյանը, մասնավորապես, կասկածի տակ է դրել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները, տարբեր մասնագիտությունների համար առանձնացված անվճար տեղերը։ «Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել, որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է բուհում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ... Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին, որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր, բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը)... Զավեշտն այն է, որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա, Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չեն հատկացվել... մեկական պետպատվերի տեղեր տրամադրվել է Ֆիզիկա, Աշխարհագրություն և Քարտեզագրություն ու կադաստրային գործ մասնագիտություններին... երկու-երեք պետպատվերների տեղեր էլ հատկացվել են շատ այլ բաժինների, որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել... Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝ 7 տեղ,Նախնական զինվորական պատրաստություն՝ 7 տեղ,Դիզայն՝ 4 տեղ, Համակարգչային գրաֆիկա՝ 4 տեղ,Դեկորատիվ կիրառական արվեստ՝ 4 տեղ... Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով, որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները... Ընդունելության արդյունքում պարզվեց, որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով... Հետաքրքիր է՝ որևէ մեկն ուսումնասիրե՞լ է շուկայի պահանջարկը, թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժե՞շտ են... Այնպիսի տպավորություն է, որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը «Կոկո Շանելների» և «Սալվադոր Դալիների» դարբնոց է դարձնելու... Կոռուպցիայի և հովանավորչության «հոտ» է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս... Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ, իսկ Իրավագիտությանը՝ 0, այն դեպքում, երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավելի է... Հարց է առաջանում՝ ինչո՞ւ... Պարոն Մինասյանը բնավ էլ «մարշալ Բաղրամյաններ» և «ծովակալ Իսակովներ» պատրաստելու նպատակ չունի... Պատասխանը շատ պարզ է... ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են... Ընդունվողներից մեկը՝ տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է... Այսինքն՝ այդ 8 տեղը հատուկ է տրամադրվել, որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստրատուրա տարկետման իրավունքով...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարյանը։ Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հերյուրանքները։ «Համբարյանը առաջին օրվանից էլ նույն բանն է ասում, դրանք հերյուրանքներ են, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել։ Ես մի քանի օրից ասուլիս կտամ, ու կհասկանաք՝ որն է ճշմարտությունը»,- ասաց Մինասյանը։ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրության արդյունքներից ոչ մի տեղեկություն չունեն, դա գաղտնի է պահվում, բայց որ ապօրինություններ եղել են, և ռեկտորը դա ընդունել է՝ փաստ է։ «Հոկտեմբերի 2-ին, երբ բուհում արդեն աշխատում էին ԿԳ նախարարության ստուգող հանձնաժողովի անդամները, ռեկտոր Մինասյանը հրավիրեց գիտխորհուրդ և ընդունեց նոր ուսումնական պլանները, որի արդյունքում վերացվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցումը, և կատարվեց նոր դասաբաշխում: Հետաքրքիր է՝ եթե ռեկտոր Մինասյանը ոչ մի հանցանք չէր գործել, ինչո՞ւ ուսումնական տարվա սկսվելուց մեկ ամիս հետո փոխվեցին ուսումնական պլանները, որը բոլոր նորմալ բուհերում ընդունվում է ոչ թե հոկտեմբերի 2-ին, այլ մայիս-հունիս ամիսներին՝ մինչ ուսումնական տարվա սկիզբը, այսինքն՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորը գիտխորհուրդ հրավիրելով և վերը նշված որոշումներն ընդունելով՝ ակամայից ընդունեց, որ իրոք ապօրինություններ և անօրինականություններ է գործել»,- ասաց Համբարյանը: