Դեպի Քրդստանի մայրաքաղաք չվերթները դադարեցվել են․ ուղիղ հարված Սամվել Ալեքսանյանի բիզնեսին

Դեպի Քրդստանի մայրաքաղաք չվերթները դադարեցվել են․ ուղիղ հարված Սամվել Ալեքսանյանի բիզնեսին

Սեպտեմբերի 29-ից մինչ օրս ժամանակավորապես դադարեցվել են Հայաստանից դեպի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ իրականացվող ուղիղ չվերթները, այն բանից հետո, երբ պաշտոնական Իրաքը փակեց օդային տարածքը Իրաքյան Քրդստանի հետ անկախության մասին հանրաքվեից հետո։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ եթե օդային տարածքը բացվի, ապա չվերթները կվերականգնվեն, սակայն ժամկետներ հայտնի չեն։ Նշենք, որ Երևանից Էրբիլ ուղիղ չվերթները մեկնարկեցին 2015 թվականի փետրվարից։ Չվերթներն իրականացնում էր «Իրաքյան ավիաուղիները» («Iraqi Airways»), որը պետական ավիաընկերություն է և հանդիսանում է այդ երկրի ազգային ավիափոխադրողը։ Նշենք, որ Քրդստանի հետ օդային ուղիղ կապը, ինչպես նաև տեղում հայկական հյուպատոսության հիմնումը բավական ոգևորել էր հայաստանյան գործարարներին, ովքեր հատկապես խմիչքի ու ծխախոտի արտահանման մեծ հնարավորություններ էին տեսնում Քրդստանում։ Այդպես էլ եղավ։ Ալկոհոլի մասով դեպի այդ երկիր արտահանումների ամենամեծ բաժինը զբաղեցնում էր «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Վերջինս տեղական արտադրության օղին, վերջին տարիներին նաև էժանագին վիսկին շշալցնում և արտահանում էր հենց Քրդստան։ Վերջին շրջանի զարգացումները, սակայն, ուղիղ հարված են հասցրել գործարարի բիզնեսի այս ճյուղին։ Մեզ պատմեցին, որ դեպի Իրաք արտահանումները ժամանակավորապես դադարեցվել են, և հիմա Ալեքսանյանը այլ ճանապարհներ է փնտրում իր անորակ ու էժանագին ալկոհոլային խմիչքներն արտահանելու համար։