«Խոստումնալից ըմբիշներ ունենք»

«Խոստումնալից ըմբիշներ ունենք»

«Ընդհանուր առմամբ գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշների մրցելույթներից: Հիանալի է, որ մեծ թվով ազատ ոճայիններ իրենց դրսեւորելու հնարավորություն ունեցան»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշարի արդյունքներն ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: «Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական: 61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին: Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետ հանդես գա այդ քաշում»- նշել է Հաբեթնակ Կուրղինյանը: Մարզիչը տեղեկացրել է, որ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձեւավորվի ազգային հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: