Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի օլիմպիական խաղերն է

Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի օլիմպիական խաղերն է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր: Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարեւորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը. «Մարզիչներս ասացին, որ իմ առջեւ դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ: Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց, երեւի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը: Սովորաբար ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երեւի տարիքից է (ծիծաղում է,- խմբ.): Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ: Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ասաց Հարություն Մերդինյանը, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության թղթակցի հետ զրույցում: