«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով եւ որակազրկելով չէ»

«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով եւ որակազրկելով չէ»

Հայաստանի հակադոպիգային ծառայության հրավերով Հայաստան ժամանած Կառլոս Ռոուն ներկայացրեց 2018 թ. UWW-ի արգելված նյութերի ցուցակն ու դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները. «Դոպինգի դեմ պայքարն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ուղղություններից մեկն է: Ես եկել եմ Հայաստան, որ բացատրեմ հակադոպինգային քաղաքականության նոր հիմնական տարրերն եւ կատարված փոփոխությունները: ՄՕԿ-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում, թե որքանով են մաքուր մարզաձեւերը: Դոպինգի օգտագործումը սպառնում է ամբողջ սպորտին»,- ասաց UWW-ի հակատոպինգային հարցերի պատասխանատուն: Կառլոս Ռոուն նշեց, որ դոպինգ օգտագործելու դեպքում ֆեդերացիան ենթարկվելու է դրամական տույժի (20 հազար շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկի որակազրկման չափը կախված կլինի արգելված նյութի տեսակից եւ քանակից. «Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով եւ որակազրկելով չէ: Պետք է մարզիկներին ուսուցանել դրանց վնասակար հատկությունների մասին: Հատկապես այս տարածաշրջանում, որտեղ ըմբշամարտը գլխավոր մարզաձեւերից է եւ կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»,- ասաց Ռոուն: Նախորդ տարի աշխարհում դոպինգ թեստերի դրական դեպքերով ըմբիշները գրավել են առաջին տեղը: Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի խոսքով, դա կապված է մելդրոնատի օգտագործման հետ: Ըմբշամարտում այն շատ օգտակար դեղամիջոց է համարվել: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց նման սեմինարների անցկացումը՝ խստորեն դատապարտելով դոպինգի օգտագործումը. «Մենք հետեւողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- նշեց Գաբրիել Ղազարյանը: Վաղը հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինարը կանցկացվի Գյումրիում, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը: