Հայկական ֆուտբոլի «հոգեհանգիստը» Ավանի ակադեմիայում

Հայկական ֆուտբոլի «հոգեհանգիստը» Ավանի ակադեմիայում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլում երեկ Երևանում 5:0 հաշվով զիջեց Ավստրիային: Այս հանդիպումը իրական մղձավանջի էր վերածվել մեր ֆուտբոլիստների համար, որոնք երկրորդ կեսում «հաջողացրին» 5 րոպեում 3 գոլ բաց թողնել: Ավելին, մեր խաղացողները մոտ 10 անգամ սեփական տուգանային հրապարակի մատույցներում գնդակը նվիրեցին մրցակցին: Մերոնց խաղն ուղղակի ծիծաղ էր առաջացնում: Եթե ավստրիացիները ավելի դիպուկ գտնվեին, հանդիպումը կավարտվեր, ասենք, 10:0 հաշվով: Մարզադաշտում ներկա փոքրաթիվ ֆուտբոլասերները, տեսնելով խայտառակությունը, բացահայտ կերպով երկրպագում էին Ավստրիային՝ ծաղրելով մեր խաղացողներին: Սա ոչ միայն ցավալի, այլև վտանգավոր երևույթ է: Այս կերպ շարունակվելու դեպքում ֆուտբոլասերն ուղղակի ատելությամբ կլցվի հայկական ֆուտբոլի նկատմամբ: Հանդիպման ընթացքում պաշտպանը կարող սխալվել մեկ անգամ, առավելագույնը՝ երկու անգամ: Բայց ինչպես մեկնաբանել այն, որ մեր ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում 5-6 անգամ գնդակը փոխանցում է մրցակցին: 10 տարուց ավելի զբաղվելով ֆուտբոլով՝ ի՞նչ են սովորել մեր երիտասարդ ֆուտբոլիստները: Չկա գեթ մեկ խաղացող, ում հետ կարելի է հույսեր կապել: Ի՞նչ են անելու այս տղաները վաղը: Ինչո՞վ են զբաղվելու: Ժամանակին Էդգար Մանուչարյանը 15 տարեկանում ուղղակի փայլում էր տարբեր տարիքային հավաքականներում: Ունեինք Ռոբերտ Արզումանյան, Ժորիկ Հովհաննիսյան, Լևոն Պաչաջյան, ովքեր 19-20 տարեկանում արդեն իսկ կայացած ֆուտբոլիստներ էին, և հիանում էինք նրանց խաղով: «Ամենավատն այն է, որ ես չեմ կարող ոչինչ փոխել։ Սա այն ֆուտբոլիստներն են, որոնք կան։ Չկան այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են գալ և ինչ-որ կերպ օգնել։ Իրենք պետք է ակումբներում խաղան։ Այսօր մեծամասնությունը «Փյունիկից» են, որն առաջնությունում այդքան էլ հաջող չի խաղում, մնացածը խաղում են «Բանանց-2»-ում, խաղում են Գերմանիայի ցածր դիվիզիոններում։ Եթե այլ ֆուտբոլիստներ լինեն, սիրով կհրավիրենք։ Կարևոր է, որ իրենց թիմերում խաղան և բարձր մակարդակի ակումբներում խաղան»,- Ավստրիայի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Վերջինիս խոսքերը վկայում են առկա խնդրի համակարգային լինելու մասին: «Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերում: Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, որ երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ արել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյա՞նը պիտի մտնի իրենց փոխարեն խաղա, ի՞նչ է»,- Հայաստանի ազգային հավաքականի՝ Լեհաստանից 6:1 հաշվով կրած պարտությունից հետո ասել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը՝ խոսելով ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնարավոր հրաժարականի մասին: Նշենք, որ Սլովակիային և այլ հավաքականների մերոնք հաղթել են փոշոտ ու կիսաքանդ ֆուտբոլի դպրոցների սերնդի տղաներով: Կար նաև Յուրա Մովսիսյանը, ով Արաս Օզբիլիսի հետ միասին հզոր լիցքեր հաղորդեց մեր հավաքականին: Նույն Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Ժորիկ Հովհաննիսյանը, ինչու չէ՝ Հենրիխ Մխիթարյանը որևէ կապ չունեն ակադեմիաների հետ: Ակադեմիաների սերունդը երեկ խաղաց Ավանի ակադեմիայում: Կարծում ենք՝ բոլորը կնախընտրեին չունենալ ակադեմիաներ, սակայն դրանց փոխարեն ունենալ ֆուտբոլ: Ակադեմիաներով ֆուտբոլ չեն կառուցում: Ֆուտբոլ ունենալու համար ֆուտբոլը պետք է վստահել ֆուտբոլից հասկացող մարդու, որը երկրում կստեղծի ֆուտբոլային մթնոլորտ: Մթնոլորտի առկայության դեպքում երեխան ֆուտբոլիստ կդառնա նույնիսկ ասֆալտի վրա պարապելով: Ֆուտբոլային մթնոլորտի դեպքում մարդիկ ցանկություն կհայտնեն թիմեր բացելու և մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Կուտակված գորշ ամպերի պարագայում քչերը կցանկանան ներդրումներ կատարել, թիմեր ստեղծել մասնագետներ հրավիրել: Գորշ ամպերի օրոք ակադեմիաներում ֆուտբոլ պարապած սերնդի «գլուխգործոցի» ականատեսը եղանք երեկ Ավստրիայի դեմ խաղում: Գորշ ամպերը չքշելու դեպքում շատ շուտով հայկական ֆուտբոլի գլխին կարկուտ կտեղա: