Դրանք պատկանում են այն երկրին, որի տարածքում գտնվում են. Վրաստանի մշակույթի նախարարը՝ վիճելի հայկական եկեղեցիների մասին

«Այդ հարցը  մշակույթի նախարարության կոմպետենտության շրջանակներում չէ․ երկու երկրների մշակույթի նախարարությունները պարտավոր են հոգ տանել  իրենց երկրի տարածքում գտնվող մշակութային ժառանգության մասին՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ժառանգությունը որ երկրին է պատկանում կամ ինչ կրոնական պահանջներ է առաջ  քաշում այս կամ այն կողմը․մենք զբաղվում ենք հուշարձանների պահպանությամբ։ Ամեն դեպքում այդ հուշարձանները պատկանում են այն երկրին, որ երկրի տարածքում դրանք գտնվում են և համարվում են այդ երկրի  մշակութային արժեքը, մշակութային կոթողները։ Այս իսկ պատճառով, վստահեցնում եմ ձեզ, որ երբեք այս թեմայով մշակույթի նախարարների մակարդակով քննարկում չի եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց  Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն՝ անդրադառնալով վիճելի եկեղեցիների խնդրին։ Հիշեցնենք, որ երբ Հայ առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը տարիներ առաջ սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ (մեկը՝ Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում) թեմին վերադարձնելու պահանջը, վրացական կողմը պահանջեց Հայաստանի տարածքում գտնվող մի քանի եկեղեցիներ, որոնք քաղկեդոնական են և որոնցում պահպանվել են վրացական արձանագրություններ: Հայկական կողմը՝ Հայ առաքելական եկեղեցին, պնդում է, որ վրաց եկեղեցու կողմից պահանջվող եկեղեցիները՝ Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց, ունեն քաղկեդոնական անցյալ, բայց դրանք հայկական են՝ կառուցվել են հայի ձեռքով և հավատի տուն են եղել քաղկեդոնականություն կամ ուղղափառություն ընդունած հայերի համար: Հարցին՝ ինչպե՞ս պետք է կարգավորվի այս  խնդիրը, ի՞նչ  քայլեր   պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ,  Միխեիլ Գիորգաձեն պատասխանեց․ «Էմոցիոնալ մոտեցումներն այս հարցում տեղ չունեն։ Կարծում եմ, որ և Վրաստանում և Հայաստանում կան  որակավորված  բավականին շատ փորձագետներ, ովքեր զբաղվում են մշակութային  ժառանգության հարցերով,  կան պատմաբաններ, արվետաբաններ, ովքեր կարող են սթափ ձևով ու  փաստարկներով, պատմական ուղեցույցներով որոշել այս կամ այն օբյեկտի ճակատագիրը։  Անձամբ ինձ համար շատ դժվար է այդ մասին խոսել, քանի որ ինքս դրա մասնագետը չեմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ  մշակույթի նախարարությունները  պարտավոր են պահպանել և պահպանում են մշակութային այդ արժեքները՝ մեր ապագա սերունդների համար»։   Մանրամասները՝ տեսանյութում։