Տարեվերջին Հայաստանը կունենա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 58.8 տոկոս ցուցանիշ

Տարեվերջին Հայաստանը կունենա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության 58.8 տոկոս ցուցանիշ

Հայաստանի արտաքին պարտքը 2017թ. վերջին կավելանա շուրջ 400 միլիոն դոլարով` կազմելով 5.4 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Արտաքին պարտքը` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը, 2016թ. վերջի դրությամբ կազմում է 4.8 միլիարդ դոլար: Այս տարվա վերջին մենք կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 միլիոն դոլարով և ներքին պարտքի ավելացում շուրջ 30 միլիոն դոլարով: 2017թ. արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կկազմի շուրջ 5.4 միլիարդ դոլար, ներքին պարտքը` 1 միլիարդ 269 միլիոն դոլար»,-  նշել է Վարդան Արամյանը: Նախարարը հավելել է, որ տվյալ դեպքում ավելի ճիշտ է նայել պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը, քան անվանական ցուցանիշներին: «Ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, որպեսզի մենք հետևենք հարաբերական ցուցանիշներին»,- նշեց Արամյանը: Նա նաև հավելեց, որ 2016թ. վերջին Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը ` ներառյալ նաև Կենտրոնական բանկի պարտքը,  ՀՆԱ-ում եղել է 56.6 տոկոս: Մինչև ընթացիկ տարվա վերջ ցուցանիշը  կմոտենա շուրջ 58.8 տոկոսի:   Լուսանկարը՝ Photolure-ի