Արգենտինահայերը հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

Արգենտինահայերը հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը. «Առաջին իսկ օրվանից դուք միացաք Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը: Այն գնաց-հասավ մինչև Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, և դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Ուրախ եմ, որ համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը կտրամադրվի Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի մյուս կարիքավոր դպրոցներին: Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ իրականացված համերգը Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների յուրահատուկ ամփոփումն էր»: Նախարարը նշեց, որ այսպիսով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը շարունակելու է  գալիս նախարարության կողմից իրականացվող մի նոր շարժում-ծրագիր, որը միտված Հայաստանի սահմանապահ բնակավայրերի սոցիալական զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար՝ հյուրերը նշեցին, որ Արցախի երաժշտական դպրոցներից ստացել են 135 երաժշտական գործիքի պահանջ: «Գործիքները սեպտեմբերի 25-ին կտեղափոխվեն Արցախ, իսկ մյուս մասը, ինչպես արդեն նշվեց, հետագայում կտրամադրվի հայաստանյան սահմանապահ գյուղերին»,-նշեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը: