Միանգամից երկու դատավոր գործուղվել է Էրեբունի

Միանգամից երկու դատավոր գործուղվել է Էրեբունի

«Սասնա ծռեր» պայմանական անվանումն ստացած երկու քրեական գործերի միաժամանակյա դատաքննությունը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս ընթացքում որեւէ այլ գործ չի քննում՝ հաշվի առնելով դրանց բարդությունը, ինչը ծանրաբեռնվածություն է ստեղծել մյուս դատավորների համար և դատարանի նախագահն օգնություն է խնդրել՝ դատարանների նախագահների խորհրդին միջնորդելով դատավորներ գործուղել։ Միջնորդությունը բավարարվել է, և Խորհուրդն էլ որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանին և Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին սեպտեմբերի 25-ից 6 ամիս ժամկետով գործուղել Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարան։