Բաքուն ստացավ ինչ ուզում էր, Երևանը հրաժարվեց բանակցությունները վերսկսելու իր գլխավոր պայմանից

Բաքուն ստացավ ինչ ուզում էր, Երևանը հրաժարվեց բանակցությունները վերսկսելու իր գլխավոր պայմանից

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, ըստ էության` ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախօրեի հանդիպումը և նախապատրաստելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Ընդհանուր ձևակերպումներով հարուստ հայտարարությունը թվում է` չունի որևէ դիվանագիտական ենթատեքստ և միայն փաստերի շարադրանք է: Սակայն այդպես է միայն արտաքուստ, առաջին հայացքից, որովհետև փաստաթղթում, ըստ էության, շարադրվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման հնարավոր օրակարգը: «Համանախագահներն ակնկալում են, որ նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության և կարգավորման չլուծված մնացած առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում քաղաքական կամքի ամրապնդմանը: Նախարարներն իրենց հանձնառությունն են հայտնել աշխատելու համանախագահների հետ՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է միջնորդների հայտարարության տեքստում: Ինչպես նկատում ենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգից սահուն կերպով դուրս է մնացել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության պահանջը և գործընթացը տեղափոխվել է կարգավորման բովանդակային քննարկման հարթություն: Համենայն դեպս, սա համանախագահության առաջին հայտարարությունն է, որտեղ բառ անգամ չկա Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա հայկական դիվանագիտության հերթական պարտությունն է, որովհետև Երևանը փաստացի հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո իր որդեգրած համարժեք մարտավարությունից, թե հնարավոր չի համարում կարգավորման գործընթացի վերսկսումը, քանի դեռ շփման գծում նեդրված չեն հետաքննության մեխանիզմները: Կարող ենք գալ հետևության, որ Մոսկվայի հետևողական ճնշումները Հայաստանի իշխանությունների վրա տվեցին իրենց արդյունքը և ղարաբաղյան գործընթացը վերադարձավ ի շրջանս յուր, այսինքն` այն վիճակին և ստատուս-քվոոյին, որոնք առկա էին մինչև 2016-ի ապրիլը և, ըստ էության, հանգեցրեցին քառօրյա պատերազմին: Ի դեպ, խորապես համոզված ենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի սկանդալային ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովում պատահականություն չէր և խորհրդանշում էր հենց Երևանի ղարաբաղյան քաղաքականության մեջ տեղի ունեցած մարտավարական շրջադարձը: Դրա մասին է անուղղակիորեն խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Բաքուն համաձայնվել է ընդունել համանախագահների որոշ առաջարկներ՝ «առարկայական» բանակցությունները վերականգնելու համար: Շատ ավելի մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթի և միջազգային հանրությանը հասցեագրված շանտաժի ֆոնին: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թվականի ապրիլին»,- մի քանի օր առաջ Նյու Յորքում հայտարարել էր Իլհամ Ալիևը: Երբ այս հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ապա ակամայից լեգիտիմացնում են նաև նոր պատերազմ սկսելու Ալիևի շանտաժը: