Ռուսաստանի ԿԳ նախարարին շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Ռուսաստանի ԿԳ նախարարին շնորհվել է Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի  Դաշնության  կրթության և  գիտության  նախարար Օլգա Վասիլևան սեպտեմբերի 25-ին այցելեց նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ռուսաց լեզվի դասախոսների և ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ։ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրեց, որ  ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան ոչ մի կապ չունի քննարկվող ռուսաց լեզվի հայեցակարգի հետ։ Օլգա Վասիլևան էլ իր հերթին ասաց, որ Հայաստան է եկել մի առաքելությամբ՝ ավելի ամրապնդել հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում։ Մկրտչյանն ընդգծեց, որ պայմանավորվածություն կա հատուկ շեշտադրում կատարել բնական գիտությունների և ինժեներատեխնիկական ուղղությունների վրա։ «Մենք ամեն տարի Ռուսաստան սովորելու ենք ուղարկում մեր երեխաներին, և անպայման նպատակային կլինի նրանց վերադարձը, այստեղ աշխատանքով ապահովումը։ Մենք առանձնացրել ենք 3 հիմնական ուղղություն՝ ինժեներատեխնիկական, միջուկային ֆիզիկա և բնական գիտություններ։ Մեր կոլեգաները՝ հատկապես գիտական հաստատություններից, շատ ավելի սերտ համագործակցություն կսկսեն մեզ հետ»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։ ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևային շնորհվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։