Ֆինանսների նախարարը պատռեց կառավարության դեմքը. աճը դանդաղելու, բյուջեի եկամուտները՝ թերակատարվելու են

Ֆինանսների նախարարը պատռեց կառավարության դեմքը. աճը դանդաղելու, բյուջեի եկամուտները՝ թերակատարվելու են

Ինչպես արդեն գրել էինք, 2017թ. բյուջեն հարկային եկամուտների մասով կրկին կանգնած է թերակատարման վտանգի առաջ: Այս տարվա բյուջեով նախատեսված է հավաքագրել 1 տրիլիոն 244 մլրդ դրամ եկամուտներ, որի գերակշիռ մասը՝ 1 տրիլիոն 210 միլիարդը, բաժին է ընկնում հարկերին ու մաքսատուրքերին: Այսինքն՝ դա Պետեկամուտների կոմիտեի հավաքագրելիք փողն է: Իսկ նույն ՊԵԿ տվյալներով՝ 2017թ. հունվար-օգոստոս ութ ամիսներին հավաքագրվել է 735 մլրդ դրամ, և մինչև տարեվերջ ՊԵԿ-ը առնվազն 480 մլրդ դրամ էլ պետք է հավաքագրի: Այսինքն՝ տարեվերջյան այս չորս ամիսներին հավաքագրումների բեռը պետք է ծանրանա: ՊԵԿ-ի հրապարակած նախորդ ամիսների վիճակագրության համաձայն՝ այս տարի յուրաքանչյուր ամիս հավաքագրվել է միջինը 91 մլրդ դրամ: Օրինակ՝ հունվար-փետրվար ամիսներին հավաքագրվել է 80 և 83 մլրդ դրամ, իսկ մայիս-հունիս ամիսներին՝ 92 և 94,7 մլրդ դրամ: Իսկ որպեսզի ՊԵԿ-ը բյուջեի եկամուտների վերը նշված թիվը ապահովի, պետք է յուրաքանչյուր ամիս առնվազն 120 մլրդ դրամ եկամուտ հավաքագրի: Բայց կարո՞ղ է ապահովել: «Չի բացառվում, բայց շատ դժվար է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Տնտեսագետն այս դեպքում հիշեցնում է կառավարության այն ակնկալիքները, որ մինչև տարեվերջ պետք է 835 մլն դոլարի ներդրումներ լինեն: Ճիշտ է, դեռ դրա 40 տոկոսն է իրականություն դարձել, բայց նրանք հույս ունեն, որ մինչև տարեվերջ այդ թիվը կամբողջանա: Բացի այդ, ՀՆԱ-ի բաշխվածության առումով երրորդ և չորրորդ եռամսյակներն ամենածանրաբեռնվածն են: Բայց այս դեպքում էլ տնտեսական ակտիվությունն է սկսել կտրուկ նվազել և 6,2 տոկոսից օգոստոս ամսին իջել 5,5 տոկոսի: Իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ այս տարի տնտեսական աճը լինելու է 4-4,3 տոկոսի սահմաններում: Այս կանխատեսումը կարող է նշանակել, որ առաջիկա ամիսներին տնտեսական աճը նորից դանդաղելու միտում է դրսևորելու: Դա բնականաբար բացասաբար է ազդելու եկամուտների վրա: Իսկ Վ. Խաչատրյանը նաև չի բացառում, որ անցած տարվա նման լրացուցիչ եկամուտ ապահովեն դեֆիցիտի մեծացման հաշվին: Չէ՞ որ մենք նման փորձ ունեցել ենք: Հեռուն չգնալով՝ հիշեցնենք, որ 2016թ. բյուջեով պլանավորված 190 մլրդ դրամը պարտքի հաշվին տարեվերջին դարձավ մոտ 280 մլրդ դրամ: Այս թեմայով մեզ հետ ոչ հրապարակային զրույցի ժամանակ կառավարության ֆինանսական բլոկի պաշտոնյաներից մեկը համաձայնեց, որ այս պահի դրությամբ բյուջեի եկամուտների մասը թերակատարելու վտանգ կա: Բայց այդ մտավախությամբ հանդերձ՝ կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը անգամ այդ պայմաններում բյուջեում ամրագրված թիվը գերակատարելու մտադրություն ունեն: Դա անգամ իրենց համար պատվի հարց է: Եվ ոչ միայն: Դա նաև նրանց պաշտոնավարման շարունակության հարց է: Չէ՞ որ անցած տարի, երբ վարչապետ ու կառավարություն փոխվեց, ՀՀ տնտեսությունը բավականին ծանր վիճակում էր, եկամուտների հավաքագրումն էլ թերակատարվում էր: Եվ կառավարությունը տարեվերջին այդպես էլ չկարողացավ ապահովել նախատեսված աճը: Հիմա՝ 2018թ., մեծ փոփոխություններին ընդառաջ, Կ. Կարապետյանն ամեն ինչ անում է հակառակ իրավիճակն ունենալու համար, որ հաջորդ կառավարությունում պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու իրավունք ունենա: Իսկ որտեղից պետք է ապահովեն բյուջեի եկամուտների մասը կամ անգամ գերակատարեն այն, ինչ հույս ունեն: Մեր զրուցակից պաշտոնյայի խոսքով՝ կառավարությունն այս դեպքում հույսը դնում է մի քանի գործոնների վրա: Նախ՝ տնտեսական աճի: Բայց, ինչպես արդեն նշել ենք, տնտեսական աճը սկսել է դանդաղել, և հայտնի չէ, թե առաջիկա ամիսներին ինչպիսի զարգացում տեղի կունենա: Տնտեսական աճի վրա բացասաբար են ազդել գյուղատնտեսության ու շինարարության ոլորտների մեծ անկումները, իսկ առաջիկա ամիսներն այդ ոլորտների համար այնքան էլ խոստումնալից չեն, քանի որ այնտեղ ակտիվությունը սեզոնային է: Կառավարությունը հույս ունի, որ մինչև տարեվերջ կավելանան ներդրումների ծավալները, որոնք դրականորեն կազդեն ՀՆԱ-ի և եկամուտների հավաքագրման վրա: Կառավարությունը նաև հույս ունի, որ ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից մեր երկրին հատկացումները կավելանան: Իսկապես, հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29,3 տոկոս աճ կա, բայց բացարձակ թվով այն առանձնապես մեծ գումար չի կազմում: 2016թ. մեր բյուջեն ԵԱՏՄ-ից ստացել է մոտ 53 մլրդ դրամ, իսկ անցած ութ ամիսներին՝ 43,5 մլրդ դրամ: Այս մասով յուրաքանչյուր ամիս մուտքերը տատանվել են 3,4-7,7 մլրդ դրամի սահմաններում, իսկ վերջին մի քանի ամիսներին եղել է 6-6,3 մլրդ դրամ: Եվ այս դեպքում առաջիկա չորս ամիսների հավելյալ մուտքերը մի քանի մլրդ դրամ կարող են լինել, քանի որ այս դեպքում հիմնական հոսքերը Ռուսաստանից են, որտեղ տնտեսական վիճակը բավականին ծանր է: Կառավարությունը նաև հույս ունի, որ հավելյալ դրամական մուտքեր կապահովի նաև գնաճը: Անցած տարի հակառակը՝ գնանկում կար, իսկ ԱՎԾ վերջին տվյալներով՝ թեև փոքր, բայց գնաճ կա: Եվ լայն սպառման շատ ապրանքներ, ինչպես, օրինակ, միրգը, միսը, կարագը, կտրուկ են թանկացել: Այս դեպքում հարկ է հիշել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով անընդհատ կառավարությանը հակադարձում էր, թե բյուջեում ձեր նշած տնտեսական աճի և եկամուտների հավաքագրման ցուցանիշներն այնքան ցածր են, որը հնարավոր կլինի ապահովել միայն գնաճի հաշվին: Այս դեպքում էլ գնաճը որքան բարձր լինի, ապրանքները որքան շատ թանկանան, այնքան կառավարության և ՊԵԿ-ի օգուտն է, քանի որ նրանք կկարողանան տնտեսական աճ և եկամուտների ծավալ ապահովել: Բայց նախորդ տարիների սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հարկային հավաքագրումների չափը նախորդ ամիսների համեմատ ընդամենը 6-7 մլրդ դրամով է ավելի եղել: Նույնը կամ մի փոքր ավելի կարող է գրանցվել նաև առաջիկա 4 ամիսներին, ասենք՝ յուրաքանչյուր ամիս 105-107 մլրդ դրամ, բայց դժվար թե 120-125 մլրդ դրամ: Այսինքն՝ այս պահի դրությամբ եկամուտների թերակատարման վտանգը մեծ է: Իսկ որպեսզի սահմանափակվեն հավաքագրվածով, ինչպես նշել էինք, ներքին կարգով ծախսերի կրճատման կարգադրություն են արել: «Բացահայտ կրճատման դժվար թե գնան, դա կլինի սեկվեստոր: Դրան չեն գնա»,- ասում է Վ. Խաչատրյանը: