Արցախը եզրափակեց Հայաստանի սկսած համահայկական սկզբնախաղը. ի՞նչ շարունակություն է լինելու

Արցախը եզրափակեց Հայաստանի սկսած համահայկական սկզբնախաղը. ի՞նչ շարունակություն է լինելու

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակել է նոր կառավարություն՝ նոր կառուցվածքով, որը բխում է Արցախի նոր Սահմանադրությունից: Նոր Սահմանադրությամբ Արցախն անցնում է նախագահական կառավարման մոդելի՝ կիսանախագահականից, ինչն էլ բերում է նոր կառուցվածքի: Ինչպես հայտնի է, առաջիկա երեք տարին Բակո Սահակյանն ինքը լինելու է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ ԱԺ ընտրությամբ նախագահ՝ մինչև 2020 թվականին լրանա ներկայիս ԱԺ գործունեության հնգամյա ժամկետը, և կլինի արդեն թե՛ խորհրդարանի, թե՛ նոր Սահմանադրությամբ նոր լիազորություններով, այդ թվում՝ կառավարության ղեկավարի լիազորությամբ օժտված նախագահի ընտրություն: Վերանում է վարչապետի պաշտոնը, և դրա փոխարեն նշանակվում է պետնախարար, որը Բակո Սահակյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանն է՝ արդեն նախկին վարչապետը: Կառավարության կառուցվածքային փոփոխությունն աչքի է ընկնում երկու հանգամանքով: Բակո Սահակյանը փոխում է արտաքին գործերի նախարարին, և Կարեն Միրզոյանի փոխարեն այդ պաշտոնը ստանձնում է Մասիս Մայիլյանը: Դա իսկապես ուշագրավ փոփոխություն է, եթե հաշվի առնենք երկու հանգամանք: Նախ՝ Մասիս Մայիլյանը 2007 թվականին Արցախի նախագահի թեկնածու էր և հենց առաջին ժամկետի համար առաջադրված Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը: Հետո, սակայն, Մասիս Մայիլյանը գլխավորեց Արցախում ստեղծված Արտաքին քաղաքականության հարցերի խորհուրդը, որը ծավալում էր խորհրդատվական գործունեություն: Այդ իմաստով Մայիլյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնին դառնում է մի կողմից՝ պետական ընթացիկ քաղաքականության, մյուս կողմից՝ քաղաքական մշակույթի դրսևորման հետաքրքրական մի դրսևորում ու յուրօրինակ մեսիջ: Ինչ խոսք, կատարվող փոփոխությունները թելադրված են, այսպես ասած, սահմանադրական արարողակարգով, սակայն ի վերջո դրանք չէին ենթադրում ամենևին կադրային փոփոխություն, և այդ իմաստով արտգործնախարարի փոփոխությունը ամենևին արարողակարգային երևույթ չէ, թեկուզ չճանաչված փոքր հանրապետության պայմաններում: Եվ առավել ևս, երբ նշանակվում է հենց Մասիս Մայիլյանը՝ հետաքրքիր քաղաքական հետագծով: Եվ առավել հետաքրքիր է նաև այն, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում Արցախի խնդրի կարգավորման գործընթացում, այսպես ասած, հանգուցային, հանգրվանային մի կետում, երբ ակնհայտորեն տեղի է ունենում նոր մեխանիզմի փնտրտուք Մինսկի խմբի համանախագահների մակարդակում: Բանն այն է, որ նոր իրավիճակում, որ ձևավորված է ապրիլյան պատերազմից հետո, գործնականում բացվում են նոր հեռանկարներ Արցախի քաղաքական սուբյեկտության համար, և այդ իմաստով արտաքին գործերի նախարարի փոփոխությունն առնվազն դեկլարատիվ հայտ է, իսկ թե ինչպիսի պրակտիկ դրսևորում կունենա այն՝ արդեն կախված է նոր նախարարի գործունեությունից և ընդհանրապես Արցախի քաղաքական իշխանության կամքից ու ռազմավարությունից: Սակայն այն, որ նվազագույն հայտը ներկայացված է և քայլն արված, արդեն իսկ արժանի է դրական գնահատականի: Ուշագրավ է նաև այն, որ Արցախի նախագահի որոշումները փաստացի հաջորդում են Հայաստան-Սփյուռք համաժողովին, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթին, որոնցում Սարգսյանը շեշտադրել է ինքնորոշման իրավունքի անշրջելիությունն ու դրան տվել համահայկական որոշման մասշտաբ, ու նաև դրանից հետո տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Այդ համատեքստում Արցախի նախագահի՝ նոր կառավարության նշանակման և դրա նոր կառուցվածքի համատեքստում մյուս ուշադրության արժանի և հատկանշական ուղերձը վերաբնակեցման հարցերի նախարարության ստեղծումն է: Այսինքն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանմանը ավելանում է վերաբնակեցման նախարարությունը: Ինչ խոսք, դժվար է ասել, թե անվանման մեջ արձանագրումը ինչպիսի ազդեցություն է ունենալու զուտ գործնական արդյունքի համար, սակայն արդեն այն, որ Արցախը պետականորեն հանդես է գալիս այդպիսի դեկլարացիայով՝ կառավարության կազմում արձանագրելով վերաբնակեցման հարցերի նախարարության առկայությունը, արդեն իսկ կարգավորման միջազգային գործընթաց կոչվող քաղաքական ընթացքում սուբյեկտային կամքի դրսևորման մյուս կարևոր մեսիջն է, որը գործնականում բավական ներդաշնակ է նաև արտգործնախարարի փոփոխության մեսիջին: Այդպիսով, վերջին օրերին Արցախի խնդրում համահայկական մասշտաբով սկսված խաղը ուշագրավ տրամաբանական ավարտ է ունենում Արցախում կայացված որոշումներով՝ թողնելով հետաքրքիր սկզբնախաղի տպավորություն, ներառյալ հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին Սարգսյանի հայտարարությունը: