Կառավարության ֆինանսավորման կրճատման ալիքը հասնում է մարզե՞ր

Կառավարության ֆինանսավորման կրճատման ալիքը հասնում է մարզե՞ր

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը նախատեսում է կրճատել կրթության և առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Դրանով էլ պայմանավորված, նշված գերատեսչություններն արդեն սկսել են կրճատել նաև իրենց մարզային կառույցների ֆինանսավորումը: Նախօրեին գրել էինք, որ կառավարության՝ ֆինանսավորման կրճատման որոշումը կարող է բողոքի ալիք բարձրացնել մարզերում։ Կրճատված բյուջեների պատճառով առողջապահության և կրթության նախարարությունները վերակազմավորման անվան տակ կրճատում են իրենց մարզային կառույցների աշխատակիցներին: Մասնավորապես՝ վերջերս Արարատի մարզում հայտնի է դարձել, որ ԿԳՆ-ն նվազեցնելու է դպրոցների բյուջեն: Առաջարկվում է առաջին հերթին ազատվել դպրոցների հավաքարարներից և պահակներից, ովքեր առանց այն էլ աշխատում են 40-50 հազար դրամով։ Նախարարությունները և մարզային գերատեսչությունները, սակայն հերքում են ֆինանսավորման կրճատման մասին տեղեկությունները: Օրինակ՝ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը զարմացավ, թե ինչու են նման տեղեկություններ շրջանառվում: «Ֆինանսավորման մասով որևէ կրճատում չի եղել: Կոնկրետ մեր մարզի մասով ոչ մի կրճատում չի եղել, ինչպես նաև այդ կրճատմամբ պայմանավորված ոչ մի հաստիք ոչ կրճատվել է, ոչ էլ պլանավորում ենք կրճատել: Ֆինանսավորումն ամբողջական տրամադրված է, ոչ մի կոպեկ չի կրճատվել: Դրանք անհիմն լուրեր են: Կարող եք մեր մարզի բոլոր դպրոցները մտնել հերթով և հարցնել՝ որևէ կրճատում եղե՞լ է, թե՞ ոչ: Կտեսնեք, որ բոլոր տեղերից էլ բացասական պատասխան եք ստանալու»,- նշեց Աղաբեկյանը: Ֆինանսավորման կրճատում չի եղել նաև Վայոց ձորի մարզի համար: Մարզպետ Հարություն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ֆինանսական տարվա համար ֆինանսավորումը տրամադրված է, կոնկրետ կրճատում չի իրականացվել, բայց նման կարգի կրճատումներ առաջարկվում են: «Դրանք, կարծում եմ, կլինեն  կամ նոր ֆինանսական տարում, կամ նոր ուսումնական տարում»,-ասաց մարզպետը: Մեր դիտարկմանը, թե ինչ հետևանքներ կունենան այդ կրճատումները և որքանով են տրամաբանական, մարզպետը նկատեց. «Այո, կա նման անհրաժեշտություն, խնդիրները շատ են»: «Երեք աշակերտով դպրոց ունենք, որն ունի իր սպասարկող անձնակազմը, 10-ից ավելի մանկավարժ: Բա դա խնդիր չի՞»,- նշեց մարզպետը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ խնայված գումարը նորից դրվելու է դպրոցների, հանրակրթության զարգացման վրա:   Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի