Գերմանական ընտրության կարևոր ուղերձը

Գերմանական ընտրության կարևոր ուղերձը

Քիչ առաջ գերմանական ARD հեռուստաընկերությունը հրապարակել է Բունդեսթագի ընտրությունների առաջին երկու exit poll-երի արդյունքները, որոնք գրեթե կրկնվում են: Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարած դաշինքը` ստանալով քվեների 32,5%-ը: Քրիստոնեա-դեմոկրատների ավանդական մրցակիցները` սոցիալ-դեմոկրատները` Մարտին Շուլցի ղեկավարությամբ, ստացել են ձայների 20,5%-ը: Առաջին անգամ հետպատերազմյան Գերմանիայի խորհրդարանում հայտնվել են աջ ռադիկալ ուժերը. եվրաինտեգրացիայի դեմ և միգրացիոն կոշտ քաղաքականության օգտին հանդես եկող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է 13,5%: Ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն նաև «Ազատ դեմոկրատները»` 10,5%, «Կանաչները»` 9,5% և «Ձախերը»` 9%: Ընտրությունների նախնական արդյունքները վկայում են, որ Մերկելը չորրորդ անգամ անընդմեջ զբաղեցնելու է կանցլերի պաշտոնը: Փորձագետները գրեթե վստահ են, որ այս անգամ ՔԴՄ-ն կարիք չունի «մեծ կոալիցիա» կազմել սոցիալ-դեմոկրատների հետ և կառավարություն է ձևավորվելու լիբերալների ու «կանաչների» հետ: Սա, իր հերթին, ենթադրում է, որ նոր կառավարությունում ավելի ամուր կլինեն Մերկելի դիրքերը: Մեծ հաշվով` այսօրվա ընտրությունները հենց Մերկելի յուրօրինակ վստահության հանրաքվեն էին, և գերմանացիները քվեարկեցին նրա քաղաքականության շարունակության օգտին: ՔԴՄ-«Ազատ դեմոկրատներ-«Կանաչներ» հնարավոր կոալիցիան ավելի կոշտ քաղաքականություն է վարելու Ռուսաստանի հանդեպ, որովհետև լիբերալներն ու «կանաչներն» արտաքին քաղաքական հարցերում ավելի մեծ դեր են վերապահում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերին: Ի դեպ, փորձագետները միակարծիք են այն հարցում, որ սոցիալ-դեմոկրատների այսօրվա պարտության պատճառներից մեկը նրանց կուսակից, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի որոշումն էր` ստանձնել ռուսական «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: Քարոզարշավի պիկին տեղի ունեցած այս իրադարձությունը իսկական քաղաքական նոգդաուն էր սոցիալ-դեմոկրատների համար: