Ամեն լնգուլավազ մեջն է. շոու-բիզնեսի ճնճղուկները վաստակավորի կոչում են ստանում

Ամեն լնգուլավազ մեջն է. շոու-բիզնեսի ճնճղուկները վաստակավորի կոչում են ստանում

ՀՀ Անկախության 26 ամյակի առիթով՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական շոու-բիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիների  արժանացրել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, որոնց թվում են  Սիրուշոն, Արամեն, Մհերը, դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ «Կարգին Մկո»-ն և այլք։ Նկատենք նաև, որ ավելի վաղ վաստակավոր արտիստի կոչմանն էր  արժանացել  նաև երգիչ Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը։ Այս  կոչմանն արժանանալու չափանիշների ու այդ «ինստիտուտի»  նշանակության մասին  «Առաջին լրատվական»-ը  զրուցեց   այն արվեստագետների հետ, ովքեր տասնյակ տարիներ գործունեություն են ծավալում մշակույթի ոլորտում, սակայն մինչ այսօր նման «պարգևների» չեն արժանացել։ Երգիչ, երգահան Վահան Արծրունու գնահատմամբ՝ տվողներն իսկ չգիտեն, թե ինչի համար են այդ կոչումները տալիս: «Որևէ չափանիշ, որը կխոսեր գեղարվեստականության մասին կամ ցույց կտար հայկական մշակույթի համար այդ մարդկանց գործունեության գեղարվեստական  արժեքն ու նշանակությունը, որի հիման վրա էլ նրանք ստանում են պետական պարգևներ՝ նման պարզաբանումներ երբևէ չեն արվել, այդ իսկ պատճառով էլ հանրությունը Կասանդրայի դերում է հայտնվել,  այսինքն՝ բոլորը փորձում են հասկանալ և մոգոնել  որևէ բացատրություն, բայց այդ բացատրությունը չկա։ Ըստ երևույթին՝ սրանք ոչ թե կոչումներ են, այլ պարզապես հավատարմագրեր. մեկը տասնյակ  տարիներ բեմում է, արժեք է կերտում, իսկ մյուսը՝ կառավարական համերգների  ու հարսանիքների է գնում. այս երկուսը, փաստորեն, գտնվում են  մի ընդհանուր  գնահատականի դաշտում և գնահատվում են անհասկանալի  չափանիշներով, որին որևէ մեկը տրամաբանական մեկնաբանություն չի կարող տալ։  Սա նշանակում է՝ դուք մեր դաշտից եք, մենք էլ ձեզ կոչում ենք տալիս. այս ճանապարհով շարժվող մի քանի «արտիստներ» կան, որոնք  ավելի հեռու են շարժվել, այսինքն՝ գնացել ու նստել են պառլամենտում, որը ոչ մի կապ չունի ոչ արվեստի, ոչ էլ մշակույթի հետ»: «Դուք  ՀՀԿ-ական  պատգամավոր Շուշան Պետրոսյանին նկատի ունե՞ք»,- հարցրինք Վահան Արծրունուն: Վերջինս  պատասխանեց. «Նա առավել  ցայտուն օրինակն  է՝  ինչպես կարելի է սկզբից դառնալ վաստակավոր,  հետո  մտնել  քաղաքական դաշտ։ Ուզում եմ ասել, որ ճանապարհը բնավ մշակութային գնահատականների ոլորտից  չէ, այլ սրանք  աստիճաններ են, որով իրենցից յուրաքանչյուրը  կարող է անցնել և վերջնակետում ունենալ  մեկուկես միլիոն աշխատավարձ ու 4-5 տարվա երաշխավորված բարեկեցություն։ Առհասարակ, պետք չէ մանրանալ և բաժանել թևերի՝ այս մեկն արժանի է, թող ստանա, էն մյուսը՝ արժանի չէ, բայց ստացավ և այլն, սա անիմաստ բան է, որովհետև բոլորը քննվում  և գնահատվում են մի բանաձևով, մի ալգորիթմով, որը մշակույթի հետ, արվեստի հետ ոչ մի կապ չունի։ Գնահատականը պետք է փնտրել  ոչ թե տվյալ անձի նշանակության ու վաստակի հանգույցներում, այլ պետք է հասկանալ, որ իրենց այդ գնահատականը տրվել է, որովհետև այդ մարդիկ հավատարմագրված են, լոյալ են այս իշխանություններին, որը չի էլ թաքցվում։ Երգում են սրա նրա հարսանիքներին ու կնունքներին, դրանք էլ ասում են՝ դե բերեք կոչում տանք, ինչ է եղել որ, մենք չենք տվողը, և այսպես տարիներ շարունակ»: Երգահանի գնահատմամբ՝ այսպիսի կոչումներն որևէ արժեք չունեն.  խնդիրը կայանում է նրանում, որ արվեստին  վերաբերում են սերիալների կամ երաժշտական ալիքների մակարդակով: «Սովետի ժամանակ՝  համընդհանուր աբսուրդի ու ստոր ստերի մթնոլորտում, նման կոչումներ  ստանալը նորմալ էր ընկալվում, բայց այդ տարիներից հետո գոնե սպասումներն ու ընկալումները մի փոքր ուրիշ էին:  Մեկ-երկու  անձնավորության տալիս են այդ կոչումը, որ ակնհայտ է և օբյեկտիվ, բայց այդ մարդկանց անունով քողարկվում է մնացած այլանդակությունը»,- ընդգծեց նա: Երգիչ, երաժիշտ, «Արձագանք» ստուդիայի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանի համար ևս  կոչումները որևէ արժեք չունեն: Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն ինչն է աղավաղված ու բարոյազուրկ: «Մի քանի անգամ ավելի  վաստակ ունեցող մարդիկ չեն ստացել, դրա փոխարեն ժողովրդական խոսքով ասած՝ «ամեն լնգուլավազ մեջն է», որոնց մասին անգամ չեմ էլ ուզում խոսեմ: Եթե այս ամենին նայում ենք պետական  էլիտայի աչքերով, ապա իրենք այդ ամենն անում են իրենց պատկերացումներով ու  իշխանությանը տվյալ մարդկանց  լոյալությամբ, ընտրարշավների սպասարկմամբ և այլն, իսկ այն մարդիկ, ովքեր այդ դաշտից  դուրս են և ունեն մտավորականի կեցվածք և կարծիք, ապա, բնականաբար, նման մարդիկ այդ ամենից դուրս  են  մնալու։ Ես արդեն չեմ էլ իմանում ՝ նման կոչում  ունենալը պատի՞վ է, թե՞ վարկաբեկում. անձամբ ինձ համար սա արժեզրկված «ինստիտուտ» է, բայց այն մարդիկ, ովքեր ուզում են կարիերա անել, ապա նրանց համար, միգուցե, սա հենց  իրենց կյանքի իմաստն է, չգիտեմ»,-նկատեց Եղիշե Պետրոսյանը: Այս կոչումներին լուրջ չի վերաբերում նաև ռեժիսոր, բեմադրիչ, «Չէին սպասում» հաղորդաշարի համահեղինակ Սուրեն Շահվերդյանը: Ըստ նրա՝ կոչումներ տալը ԽՍՀՄ տարիներից մնացած վատ սովորություն է, որն  արվեստի բնագավառում անառողջ մթնոլորտ է ստեղծում: Այս համատեքստում ռեժիսորը նշեց. «Դա արվեստում շատ բաներ փչացնում է. դրանով  այդ մարդկանց  արջի ծառայություն են մատուցում: Կոչումը և գնահատականը պետք է վաստակել ժողովրդի սիրով և միջազգային փառատոնների, միջազգային լուրջ մրցանակների ժամանակ, իսկ այս կոչումներն ինձ համար ոչինչ են, անիմաստ ու անհեթեթ խրախուսանքներ: Ճիշտ կլինի, որ սովետական բուրմունքով այս երևույթը  մոտ ապագայում վերանա. դերասաններ կան, որ  երբ  վարագույրը բացվում է՝  սկսում են գոռալ, հատկապես երբ պաշտոնյաներ են լինում  նստած՝ նրանք  այնքան շատ են գոռում իրենց կոչումների մասին, որ նույնիսկ ամոթ էլ է»: Հարցին՝ արդյոք  Մշակույթի նախարարության թերացումն այստեղ չե՞ք տեսնում՝ համապատասխան թեկնածուներ չառաջադրելու առումով, Սուրեն Շահվերդյանը ի պատասխան ասաց, որ իր կարծիքով՝ այդ հարցը որոշվում է ավելի բարձր ատյաններում: «Չեմ կարծում, թե Մշակույթի նախարարությունն այստեղ որևէ դերակատարում է ունենում, որովհետև, եթե Մշակույթի նախարարության կարծիքը հաշվի առնեն ու լուրջ վերաբերեն, ապա, միանշանակ, ոմանք այդ կոչումը չեն ստանա։ Կարծում եմ, որ մոտ ապագայում այս ամենը կվերանա և  գոնե  արվեստի բնագավառում մարդիկ ավելի խաղաղ կլինեն և ավելի շատ կզբաղվեն արվեստով, քան  խնամի-ծանոթ- բարեկամ  օղակների  միջոցով  կոչում ստանալով։ Իմիջայլոց, անգամ չգիտեմ, թե ովքեր են ստացել, բայց  շնորհավորում եմ նրանց, ու վստահ եմ, որ մեջները  արժանի մարդիկ   կլինեն՝  հատկապես թատրոնի բնագավառում, ովքեր որ զբաղվում են բարձր ու լուրջ արվեստով, բայց  միաժամանակ կլինեն նաև մարդիկ, ովքեր շոու-բիզնեսում  ճնճղուկներ են  և խրախուսվում են նրա համար, որպեսզի մեր պաշտոնյաների ծնունդների  ու հարսանիքների ժամանակ  անվճար ելույթ ունենան»,-շեշտեց Սուրեն Շահվերդյանը: Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանն իր հերթին  սա նմանեցնում է խաղի. «վաստակավոր  արտիստ» անունով խաղալիքը հերթով փոխանցում են մեկը մյուսին: «Օրինակ  ի՞նչ է փոխվում տվյալ երգչի կամ երգչուհու կյանքում, երբ որ նա այդ կոչումն է ստանում. նա  սկսում է իրեն ավելի շատ հարգե՞լ, թե՞ ինչ... դա ոչ առավելություններ է տալիս ինչ-որ մեկին, ոչ էլ այլ  բան. մի պահ ընդամենը իրենց լավ են զգում ու հետո դա մոռացվում գնում է ու մեկ էլ համերգների ժամանակ են նրանց  այդպես ներկայացնում  և հենց դրա համար էլ  այդ կոչումներ  տալը  ես  բացարձակ անիմաստ ու ձանձրալի  բան եմ համարում»,-շեշտեց Լիլիթ Պիպոյանն ու միևնույն ժամանակ հավելեց. «Այդ կոչումները Խորհրդային տարիների մնացուկ է՝ իմաստը բոլորովին կորցրած։ Ես չգիտեմ այդ կոչումով մարդիկ իրենց  իշխանությա՞նն են մոտ զգում, թե՞ պետության  համար են իրենց ավելի կարևոր զգում, չգիտեմ... կամ էլ  իշխանությունը, միգուցե  այդ պարգևներով  մատնանշում է այն մարդկանց, ովքեր իրենց համար հաճելի են կամ իրենց կարծիքով՝ պետության համար են, այսինքն սրանով իրենք այդ մարդկանց վրա նշան են դնում  կամ ինչ-որ նման տարօրինակ բան է տեղի ունենում, սակայն  ես չեմ գտնում, որ սրանով այդ մարդկանց դիրքը  բարձրանում է հասարակության մեջ»։ Երգիչ, երգահան, «Արձագանք» ստուդիայի համահիմադիր Արտավազդ Բայաթյանի դիտարկմամբ՝ այստեղ առանձնահատուկ ոչինչ չկա և ոչ էլ դա կարող է համարվել պատվավոր կոչում: Նրա խոսքերով՝ Մշակույթի նախարարությունում կամ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում այս դաշտում կամ հասկանալով՝ ուզում են ամենավատն անել, որպեսզի գործընթացն այդպես էլ շարունակվի: «Արդեն բավականին երկար ժամանակ է, որ այսպիսի բաներ են տեղի ունենում և այլևս  չես  կարող բացատրել դրա իմասը. այնպիսի տպավորություն է, որ կարծես հերթագրված  են ու պիտի հերթով ստանան  «վաստակավոր», բայց ոնց որ պրծավ հա արդեն, էլ մարդ էլ չի մնացել, որ տան, հեսա կամաց-կամաց կսկսեն ռեստորանների երգիչներին տալ «վաստակավոր»-ի կոչում ու տենց շղթան կգնա»,-հեգնանքով ասաց  Արտավազդ  Բայաթյանն ու շարունակեց. «Սա Սովետի ստեղծած տարբերակն է, որ այն արվեստագետները, որոնք ավելի իշխանամետ էին, իշխանությանն ավելի լոյալ էին, բնականաբար, նրանք ստանում էին այդ կոչումները և հիմա էլ այդ ավանդույթը շարունակվում է, ոչ մի բան չի փոխվել:  Ցանկացած լավ գաղափար կարելի է վարկաբեկել և դարձնել էժանագին մի բան. այս իրավիճակում  հենց այդ էժանագին տարբերակն է, որին  չես էլ ուզում անգամ մասնակից լինել։ Մեր իշխանավորները չեն սիրում իրենց մասին ճիշտ ու ուղիղ խոսք լսել, նրանք սիրում  են միայն նրանց, ով իրենց անընդհատ գովերգում է ու այդ գովերգողներին էլ կոչում են տալիս. ասածիս վառ ապացույցն էլ  Հայկոյի ու Մկոյի պարագայում է...  այսքանից ավել  ինչ ասեմ էլ, մնացածն արդեն հասկացաք»,-եզրափակեց  նա: