Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կառուցողական չէր. մադրիդյան այդ օրակարգը վտանգում է մեր ազգային շահերը

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կառուցողական չէր. մադրիդյան այդ օրակարգը վտանգում է մեր ազգային շահերը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ -Պարոն Մելիքյան, նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը։ -Քանի դեռ հակամարտության կարգավորման առանցքը շարունակում է կազմել «Մադրիդյան սկզբունքներ» կոչված հայեցակարգը, նման հանդիպումներից և ոչ մեկը կառուցողական համարել չի կարելի: Ավելին՝ մադրիդյան այդ օրակարգն ուղղակիորեն վտանգում է մեր ազգային շահերը և դրա շրջանակներում անցկացված ցանկացած հանդիպում հայկական կողմի քաղաքական և դիվանագիտական խորացող անլիարժեքության հերթական հավաստում կարող ենք համարել: -Արդյոք մեկ քայլ առաջ այս հանդիպումը կարող եք գնահատել այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ընդունել է միջնորդների մի շարք առաջարկներ բանակցությունները վերսկսելու համար: -Քանի որ, ինչպես վերն ասվեց, Մադրիդյան սկզբունքների հիման վրա են ընթանում հայ ու ադրբեջանցի պաշտոնատարների այդօրինակ հանդիպումներն ու քննարկումները, իսկ այդ սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացն էլ ոչ միայն հակասում է մեր շահերին, այլև էապես ավելացնում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ապա, հասկանալի է, որ ադրբեջանական կողմն այստեղ որոշակի առավելություններ է իր համար ապահովում: Շնորհիվ հայ պատասխանատուների անդեմ ու ոչ-սկզբունքային բանակցային կեցվածքի, պաշտոնական Բաքուն կարողանում է մի կողմից կենդանի պահել բանակցային գործընթացը և առաջ մղել առանց նախապայմանների Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդից հայկական զինուժը դուրս բերելու պահանջը, իսկ մյուս կողմից իրականացնել Ադրբեջանի տարածքը «լկտի ագրեսորից» նաև ուժի կիրառմամբ «ազատագրելու» քաղաքականությունը: Քանի որ միջնորդների համար կարևորը բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն է՝ նրանք անտեսում են Ադրբեջանի ռազմական ակտիվության պարբերական բռնկումները: Հայկական կողմի քաղաքական ամլության արդյունքում է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ գործողությունները չեն կանխվում քաղաքական մակարդակում վարվող արդյունավետ հակախաղի կիրառման շնորհիվ, իսկ այդ պահվածքի գինը վճարվում է մեր զինվորականների կյանքերով: Սա անհանդուրժելի է: -Այնուամենայնիվ, բանակցությունները վերսկսելու ինչպիսի՞ հնարավորություն կա հիմա։ -Մադրիդյան օրակարգով բանակցությունների վերսկսումը կնշանակի, որ քաղաքական լուծում կամ չի լինելու, կամ էլ լինելու է պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի տեսքով: Այսինքն՝ գործընթացը կամ կշարունակի մնալ փակուղում, կամ էլ մեր պարտությամբ կավարտվի: Երկու տարբերակներն էլ անընդունելի են մեր ազգային շահերի և անվտանգության ապահովման համատեքստում: -Ի՞նչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից։ Ադրբեջանն ինչո՞ւ այս փուլում շտապողականություն ցուցաբերեց, արդյոք իսկապե՞ս ձգտում է բանակցությունների վերսկսման։ -Այո, Ադրբեջանը ձգտում է բանակցությունների վերսկսման, քանի որ հենց այդ կերպ լիարժեքորեն ապահովում է իր կողմից սահմանած քաղաքական նպատակների իրականացմանը միտված ծրագրի գործնական կիրառումը: Հայկական կողմերն արդյունավետ քաղաքական հակախաղ չունեն և, դատելով ամեն ինչից, չեն էլ ցանկանում ունենալ: Նրանք ընտրել են ճակատային գծում ռազմական հակահարվածներ հասցնելու անպտուղ մարտավարությունը, քանի որ այդպիսով գլխանց թիրախ են դարձնում մեր սահմանների պաշտպաններին՝ հակառակորդն է որոշում, թե երբ, որտեղ և ինչ ծավալի հարված է հասցնելու հայկական դիրքերին, ինչն ամեն դեպքում առավելություն է տալիս նրան: