Հայաստանը կայարան չէ, փակե՛ք այս խոսակցությունը. Աշոտ Բլեյան

Այն, որ Հայաստանը շահագրգռված է, որ իր քաղաքացիներից շատերն իրենց աշխատանքային գործունեության մեջ գործածեն օտար լեզու, փաստ է, բայց շահագրգռված լինել, չի նշանակում մարդու փոխարեն որոշել, թե որ օտար լեզուն ընտրի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի առանձին հայեցակարգ մշակելու ԿԳՆ աղմուկ հանած նախաձեռնությանը։ «Մենք պետք է նայենք, թե արդյո՞ք տալիս ենք ընտրության հնարավորություն մարդուն՝ օտար լեզու սովորելիս։ Որովհետև երբ դա իր ընտրությունն է, իր ընտանիքի պահանջն է, հանրային պահանջն է, պարզ չէ՞, որ ուսուցումը դառնում է ավելի արդյունավետ»,- ասաց նա։ Բլեյանի խոսքերով՝ ցանկացած դեպքում խոսակցությունը պետք է իրավական լինի, որովհետև իր բոլոր թերություններով հանդերձ, խոսում ենք Հայաստանի մասին՝ իր գործող Սահմանադրությամբ ու մարդու անօտարելի իրավունքներով. «Տեսեք, «Հանրակրթության մասին» ՀՀ գործող օրենքն ասում է. «Նույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների առավելագույն թիվը 4-ն է»։ Այսինքն՝ դրանից ավելի չի կարող լինել։ Մեկ այլ փաստաթուղթ էլ կա, որի մասին, չգիտես ինչու, լռում են. ՀՀ-ում շարունակում են գործել ռուսաց լեզվով ուսուցմամբ 42 դպրոցներ, այսինքն՝ ոչ թե 4, այլ 10 անգամ ավելի շատ։ Սա հակասում է օրենքի պահանջներին, և սրան այլ բան, քան անօրինական, ես չեմ կարող ասել։ Ինձ թվում էր, որ խոսակցությունը պետք է գնար այն մասին, թե ինչու չեն փակվում ռուսաց լեզվով այս 42 դպրոցները, ինչու այդ թիվը չի սահմանափակվում 4-ով։ Որովհետև խտրություն է ստեղծվել»։ Դիտարկմանը, որ Հայաստանում ռուսաց լեզուն օտար չի համարվում, Բլեյանն առարկեց ասելով. «Մենք մոռանում ենք հանրակրթության պետական չափորոշիչը, որը կառավարության հաստատածն է, օրենքին հավասարեցված է, որտեղ ռուսերենն օտար լեզու է, սահմանված է ուսուցման կարգը։ Հետևաբար չեմ հասկանում այս աղմուկն ինչի՞ համար է։ Այդ չափորոշիչներով, դպրոցներում երկու օտար լեզու է նախատեսված, որոնցից մեկը ռուսերենն է»։ Նա հրաժարվեց մեկնաբանել կրթության նախարարի կամ մեկ այլ պաշտոնյայի հայտարարությունները՝ նշելով. «Ես որպես կրթության գործի կազմակերպիչ, ունեմ հայտնի տեսակետներ, որոնք երբ դիմում են, ես շարադրում եմ։ Ես միշտ հղում եմ անում օրենքներին ու իրավունքին։ Մյուս հարցն այն է, որ ես չեմ կարող մեկ այլ հերոս դիտել, քան սովորողը։ Ես չեմ կարող սովորողի աչքերով չնայել խնդիրներին։ Դրա համար, երբ ասում են, որ հասարակությունը ռուսերենի նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունի, ես սարսափում եմ։ Իսկ ինչո՞ւ դուք մարդուն չեք տալիս ընտրելու հնարավորություն։ Ինչու պետական հանրակրթական ծրագիրը խուսափում է դրանից։ Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այդ հնարավորությունը տվել ենք ու չեք կարող ասել, որ այստեղ հավաքված են ռուսատյացներ։ Ամենասովորական ընտանիքների երեխաներ են։ Ես վստահ եմ, որ եթե լեզուներ ընտրելու այդ հնարավորությունը տրվի բոլորին, ամբողջ Հայաստանով կունենանք գրեթե նույն պատկերը։ Երբ մենք տվեցինք երրորդ օտար լեզուն ընտրելու հնարավորություն, պարզվեց, որ մեր միջին դպրոցում ամենաշատը ընտրեցին անգլերենը, հաջորդը եղավ վրացերենը, ապա ֆրանսերենը, իսպաներենը, թուրքերենը, պարսկերենը։ Միջին դպրոցում ոչ ոք ռուսերեն չընտրեց։ Այսինքն՝ հասարակությունն ասում է, որ այն ռուսերենը, որ պարտադիր դրված է հանրակրթական համակարգում, դա իրենց բավարարում է»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: