Պետությունը խթանում է «հանցագործների» բիզնեսին. ինչի կհանգեցնի իշխանության և կրիմինալի սերտաճումը

«Այն հանգամանքը, որ հանցագործություն կատարող անձիք կամ այդ աշխարհում հայտնի մարդիկ որոշակի սերտաճում ունեն  մեր այսօրվա իշխանությունների հետ, սա դրական գնահատել, իհարկե,  բարդ է։ Ընդհանրապես, հանցավորության զարգացման, հանցավորության խթանման մեջ  դերակատարում ունի նաև պետական համակարգը․ պետությունն ու տվյալ պետության իշխանություններն, իհարկե,  ոչ միշտ են միմյանց հետ համադրելի, սակայն հանցագործությունների խթանելու պատճառներից մեկը պետության կողմից հանցավոր խմբերի, հանցագործություն կատարող մարդկանց ուղիղ ֆինանսավորումն է։ Հանցագործությունների շատանալու առումով ՝ պետությունն ունի դերակատարման երկու մեծ բլոկ, մեկը՝ կոնկրետ գործողություններն են, մյուսը՝ պետության անգործությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ  Գասպարյանը՝  խոսելով Հայաստանում իշխանությունների և կրմինալի սերտաճման  կամ «սերտ համագործակցության» մասին։ Այս համատեքստում նկատենք, որ օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված համերգին ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն․Ս․Օ․Տ․Տ   Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն , ինչպես նաև  Արթուր Ասատրյանը։ Վերջինս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետ առնչվող անձ է, ում նկատմամբ վերջերս մահափորձ էր ծրագրվել: Համերգի ընթացքում հայտնի է դարձել, որ այն կազմակերպվել է հենց Արթուր Ասատրյանի   ֆինանսական միջոցներով։ Արշակ Գասպարյանի  խոսքերով, երբ  պետությունը բացասական վարքով աչքի ընկած մեկին թույլ է տալիս օրինակ թաշկինակի արտադրություն դնել  տվյալ երկրում, ապա դա պետության գործողություններից մեկն է, որով  նա խթանում է հանցագործություն կատարած անձի բիզնեսին և այդ ժամանակ  դա արդեն դառնում է լեգալ բիզնես։ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հետևանք կունենա իշխանությունների և քրեական «հեղինակությունների» միջև սերտաճումը, ապա  դա մեր երիտասարդությանը, քաղաքացուն ցույց կտա, որ այս մոդելն աշխատող է։ Պետության և հանցագործություն կատարող խմբերի միջև առկա համատեղ կապը լի է վտանգներով, որը կարող է ստեղծել հարաբերվելու մոդել, որը կարծում եմ՝ լավագույնը չէ»,-հավելեց  մեր զրուցակիցը։   Մանրամասները՝ տեսանյութում։