Նպատակս՝  Տոկիո 2020 օլիմպիական խաղերն են․ Էդգար Ստեփանյան

Նպատակս՝ Տոկիո 2020 օլիմպիական խաղերն են․ Էդգար Ստեփանյան

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը պատրաստվում է Եվրոպայի 2017 թվականի առաջնությանը: Մրցաշարը տեղի է ունենալու հոկտեմբերի 18-ից 22-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդգար Ստեփանյանը խոսեց առաջիկա մրցումների և սպասելիքների մասին։ «Արդեն 1 շաբաթ է սկսել ենք օրը 3 մարզում անցկացնել։ Առավոտյան մարզվում ենք խճուղում, իսկ երեկոյան արդեն հեծանվահրպարակում։ Մարզումները ընթանում են թիմիս՝ մարզչիս, բժշկի և մեխանիկի ուղեկցությամբ։ Ցանկացած մրցման, որին մասնակցում եմ ակնկալիքներս մեծ են, որովհետև ամենայն լրջությամբ ենք պատրաստվում՝ լավ արդյունքների հասնել համար։ Տրամադրվածությունս լավ է, սակայն չեմ կարող ասել ինչպես ելույթ կունենամ մրցաշարում, որովհետև սպորտում ամեն ինչ կարող է պատահել։ Հոկտեմբերի 15-ին մեկնելու ենք Բեռլին, որտեղ 3 օր մարզումներ կանցկացնեմ։ Հոկտեմբերի 18-ին կկայանա առաջին մրցավազքը։ Բեռլինի մրցմանը կհաջորդեն նոյեմբերին 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի և նոյեմբերի 10-ից 12-ը Մանչեսթերի մրցումները, որոնք հանդիսանում են աշխարհի առաջին և երկրորդ գավաթները։ Նպատակը՝ օլիմպիական խաղերն են։ Մասնակցելու ենք, որպեսզի ռեյտինգ հավաքենք դեպի օլիմպիական խաղեր։ 3 տարի շարունակ պետք է մասնակցեմ մրցումների և միավորներ հավաքեմ՝ համապատասխան ռեյտինգային միավորներ կուտակելու դեպքում կմասնակցեմ Տոկիո 2020 օլիմպիական խաղերին։ Լուրջ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»: