«Ինքնախմբագրում»՝ հերթական հանդիպումից առաջ

«Ինքնախմբագրում»՝ հերթական հանդիպումից առաջ

Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, թե Հայաստան-Սփյուռք համաժողովում իր սկանդալային ելույթի որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Հայաստանի արտգործնախարարների համար սովորություն է դարձել արտահայտել մտքեր, ապա «խմբագրել» դրանք` տեղի տալով քաղաքական և հանրային կոշտ արձագանքին: Տարիներ առաջ նույն կերպ վարվել էր Վարդան Օսկանյանը, որը երկար-բարակ արդարանում էր ազատագրված տարածքներն «օկուպացված» անվանելու համար` անգամ անհեթեթ մեկնություններ բերելով անգլերեն լեզվից: Էդվարդ Նալբանդյանը հաստատել է, որ վաղը, Նյու Յորքում, ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: «Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»,- ասել է Նալբանդյանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները գործնականում հնարավորություն չեն տալիս կանխատեսել, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպումը կարող է որևէ բեկում մտցնել կարգավորման գործընթացում, մանավանդ որ Երևանն ու Բաքուն արդեն վաղուց միմյանց համոզելու բան, ըստ էության, չունեն և շեշտը դնում են իրենց դիրքորոշումների միջազգային լեգիտիմությունն ապահովելու վրա: Սա ավելի շատ նմանվում է քարոզչական, տեղեկատվական պատերազմի, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շեշտը դնում են ոչ այնքան սեփական մոտեցումների ռացիոնալ մատուցման, որքան` դիմացինին սևացնելու, քննադատելու վրա: Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ ԼՂ խնդիրը տրանսֆորմացվել է երկարատև, ռեսուրսատար հակամարտության, որում, մեծ հաշվով, շահեկան դիրքում կհայտնվի այն կողմը, որն ավելի կենսունակ մոդելով և զարգացման համատեքստին համահունչ դիրքորոշումներով կներկայանա աշխարհին: Ադրբեջանին սպառնում է միջազգային մեկուսացման հեռանկարը, սակայն Հայաստանը չի կարողանում օգտագործել այս պատեհությունը՝ հետամնաց համակարգ ունենալու և ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն իրականացնելու հետևանքով: Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը նախորդելու է համանախագահների այցը տարածաշրջան: Արդյո՞ք նրանք Երևան և Բաքու են ժամանելու կարգավորման նոր առաջարկներով, թե՞ այդ այցն ավելի շատ նախապատրաստական բնույթ ունի` զերծ լինելով բովանդակային բաղադրիչից: Դժվար է հիմա կանխատեսումներ անելը, սակայն ակնհայտ է, որ եթե անգամ միջնորդների կողմից հնչեն նոր առաջարկություններ, դրանք արմատապես չեն տարբերվելու Մադրիդյան սկզբունքներից: Ուշագրավ է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը, եթե այն կայանա, գոնե Հայաստանի նախագահի կարգավիճակում կարող է վերջինը լինել Սերժ Սարգսյանի համար: Վերջինս, իհարկե, չի կարող իր պաշտոնավարման ավարտին ԼՂ խնդրի էջը փակել այնպես, ինչպես դա պատրաստվում է անել հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, սակայն ենթադրվում է, որ իր նախագահության տասնամյակը եզրափակելու է արցախյան հարցում Հայաստանի դիրքորոշման նոր նշաձողի սահմանմամբ: Այս պարագայում` Ալիևի հետ հնարավոր հանդիպման կանխատեսելի անարդյունավետությունը կամ բովանդակային ձախողումը կարող են արգումենտ լինել Հայաստանի ղարաբաղյան նոր քաղաքականության ազդարարման համար: Եվ վերջապես` երեք օր հետո Իրաքյան Քուրդիստանում, իսկ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում սպասվում են անկախության հանրաքվեներ: Աշխարհում կրկին սրվել են բանավեճերը ինքնորոշման և տարածքային անբողջականության սկզբունքների կողմնակիցների միջև: Այս ամենը նույնպես կարող է անուղղակի ազդեցություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա: