Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը Ապարանում կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին՝ «Գնթունիկ»-ի սեփականատիրոջը

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը Ապարանում կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին՝ «Գնթունիկ»-ի սեփականատիրոջը

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Ապարան քաղաքում: Ապարանում ևս խոշորացման գործընթաց է լինելու, և քաղաքին միանալու են մի քանի համայնքներ: Չորս ժամկետ քաղաքապետ աշխատած Գոռ Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թերևս չի առաջադրվի, քանի որ համայնքների խոշորացումը բարդ և պատասխանատու գործընթաց է, աշխատանքները շատանում են, իսկ ինքը չի ցանկանում այդ պատասխանատվությունը վերցնել իր ուսերին: «Առաջիկա դժվարությունները հաշվի առնելով՝ ես չեմ ցանկանում առաջադրվել: Ես սիրում եմ իմ աշխատանքը գերազանց կատարել: Յոլա տանել չեմ սիրում: Իսկ երբ խոշորացում լինի, գործերը շատանան, բարդ համակարգ է ներդրվում, դրա համար էլ չեմ ցանկանում: Բայց կլինեմ նրա կողքին, ով կառաջադրվի և այդ պատասխանատվությունը կվերցնի իր վրա»,- ասաց Ապարանի դեռևս գործող քաղաքապետը: Նշենք, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է այս անգամ Ապարանում առաջադրել «Գնթունիկ» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: Գոռ Աբրահամյանը նշեց, որ ինքը շատ ուրախ է կուսակցության այդ ընտրության համար և կսատարի Կարեն Եղիազարյանին: «Գնթունիկի» սեփականատերը այս ընտրություններում թերևս առանց մրցակից կմնա, քանի որ ընդդիմությունը մտադիր չէ թեկնածու առաջադրել Ապարանում: Ավելին՝ որոշ անհատ ընդդիմադիրներ անգամ պատրաստվում են սատարել ՀՀԿ-ի թեկնածուին: Օրինակ՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ապարանցի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե «Գնթունիկի» Կարենն առաջադրվի, ապա ինքը կսատարի նրան, քանի որ Կարենը նախ՝ իր ընկերոջ տղան է, ապա՝ ինքը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չպետք է քաղաքականացվեն, և առաջնահերթ պետք է լինեն թեկնածուի մարդկային որակները, և ժողովուրդը ըստ այդմ պետք է ընտրություն կատարի: «Առաջադրվելու մասով ոչ մի որոշում չունեմ: Ինձ համար կարևոր է, որ ընտրությունները անցնեն նորմալ, մաքուր մթնոլորտում: Եթե նորմալ, ազնիվ թեկնածու լինի, ես պատրաստ եմ պաշտպանել նրան: Կարծում եմ, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե Կարեն Եղիազարյանը առաջադրվի, ապա ինքը մեծ սիրով կպաշտպանի նրան: «Ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ն առհասարակ չխառնվեր ՏԻՄ ընտրություններին, քանի որ սա այն համակարգն է, որ գործ ունի ժողովրդի հետ: Իսկ ՀՀԿ-ն ժողովրդի մոտ իր վստահությունը սպառել է: Ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ն չխառնվեր այս ընտրություններին: Օրինակ՝ Կարեն Եղիազարյանը այսօր Ապարանում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան այսօրվա իշխանությունները: Եվ շատ ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ի կնիքը նրա վրա չլիներ, առհասարակ որևէ թեկնածուի վրա չլիներ այդ կնիքը: Բայց ես առաջնահերթ մարդկային որակներով եմ առաջնորդվում, ոչ թե քաղաքական, դրա համար էլ, եթե Կարենն առաջադրվի, ես կպաշտպանեմ նրան»: Ի տարբերություն Ռազմիկ Պետրոսյանի՝ ապարանցի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը առաջնորդվում է քաղաքական սկզբունքներով, իր համար կարևոր է, թե թեկնածուին որ քաղաքական միավորն է առաջադրել: «Ժառանգությունը, սակայն, այս ընտրություններում ոչ մեկին չի առաջադրի, սատարելու մասով էլ դեռ վաղ է ասել: «Մասնակցելու իմաստ չեմ տեսնում: Մենք ընտրական համակարգ չունենք: Ադմինիստրատիվ ռեսուրս՝ գումարած կաշառք, և ընտրության ելքը ակնհայտ է: Ինչ իմաստ կա մասնակցելու այս բեմադրությանը»,- նշեց Մարտիրոսյանը: Ապարանի քաղաքապետի ընտրություններում ժողովուրդը առաջարկել է առաջադրվել Մյասնիկ Մալխասյանին, նա բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց չի կարող մասնակցել: Նախ՝ որովհետև Ապարանի գրանցում չունի, և հետո՝ կարծում է, որ վաղուց ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին: Ինչ վերաբերում է որևէ մեկին սատարելուն, ապա Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձնապես տեղեկացված չէ, թե ով է առաջադրվում, ով՝ չէ: Երբ առաջադրումները լինեն, կմտածեն: Ապարանցի ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը ընտրությունների մասին մտածելու ժամանակ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր է՝ Արա լեռան գագաթին հրդեհ է մարում ԱԻՆ աշխատակիցների ու գյուղացիների հետ և առանձնապես ժամանակ ու ցանկություն չունի այլ հարցերի մասին մտածելու: Ընդհանուր առմամբ տպավորություն է, որ այս անգամ Ապարանում ընտրությունները անցնելու են խաղաղ մթնոլորտում, առանց կլանային պայքարի. նախնական, լուռ համաձայնություն կա ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ: