Սերժ Սարգսյանը փոխում է բանակցային ձևաչափը

Սերժ Սարգսյանը փոխում է բանակցային ձևաչափը

Այսօր Նյու Յորքում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, որոնք քննարկելու են Սարգսյան-Ալիև հանդիպման հարցը: Արտգործնախարարների այդ հանդիպումից առաջ բավականին հակասական իրավիճակ է. մի կողմից՝ Հայաստանի արտգործնախարարը խոսում է տարածքների վերադարձի շուրջ բանակցության մասին, մյուս կողմից՝ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ Հայաստանին պետք են նոր տարածքներ ու դիրքեր: Ի՞նչ է սա՝ կարկանդակի և մտրակի քաղաքականություն հայկակա՞ն ձևով, թե՞ հայկական անորոշություն և անհստակություն հայկական ձևով: Դրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ԳԱ ելույթում հայտարարեց, որ Արցախի խնդրում ինքնորոշումը կենսական անհրաժեշտություն է, և դա ոչ թե Հայաստանի, այլ համայն հայության ուղերձն է, որ ինքը բերում է Հայաստան-Սփյուռք համաժողովի անունից: Այսինքն՝ սրանով Սերժ Սարգսյանն արդեն իսկ փոխել է, այսպես ասած, բանակցային ձևաչափը՝ ցույց տալով, որ սեղանի շուրջ այլևս համայն հայությունն է, ոչ թե միայն Հայաստանը կամ Սերժ Սարգսյանը: Սա ունի երկու ուշագրավ ասպեկտ: Առաջինն այն է, որ սրանով Սերժ Սարգսյանը Ալիևին դնում է այն իրավիճակի առաջ, որում նա հայտնվել էր օրերս՝ կոռուպցիոն միջազգային սկանդալի տեսքով: Ադրբեջանը դրա համար բացահայտ մեղադրում էր հայկական լոբբիին: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փաստացի ճանաչում է այդ առնչությունը, այսինքն՝ Ալիևի փորձը շրջում է նրա իսկ դեմ, նրա՝ այսպես ասած քարոզչական հնարքը շրջում իր իսկ դեմ: Եվ այս իմաստով Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ բանակցությանն ընդառաջ հայկական կողմն ուղղակի ապակենտրոնացնում է Ադրբեջանի դիվանագիտական նշանառությունը՝ օգտագործելով հենց Բաքվի, այսպես ասած, կոնյունկտուրային վախը հայկական լոբբիից: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի առաջ դնելով համահայկական ձևաչափը, ըստ էության, լուծում է ներքին հարցը, թե ով է բանակցելու Ադրբեջանի հետ իրենից հետո, երբ վայր դնի նախագահական լիազորությունները և չկարողանա ստանձնել վարչապետականը: Սարգսյանը գործնականում ստեղծում կամ առնվազն ցույց է տալիս մի վիճակ, երբ, խոշոր հաշվով, Հայաստանից բանակցողի հարցը համահայկական ֆորմատի համատեքստում դառնում է տեխնիկական խնդիր, իսկ քաղաքական համատեքստը հայտնվում է նրա ձեռքին, ում ձեռքին կլինի համահայկական խորհուրդը: