Եթե միավորման խնդիր լուծենք՝ զենքի հարց չի առաջանա. Բաղդասարյանն արձագանքում է Սեֆիլյանի կոչին

«Աչքի անցկացրեցի ցուցակը և կասեմ, որ լավ ցանկություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած հասցեական դիմումին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, որի անունը ևս մատնանշված էր ազգային դիմադրության ճակատ ստեղծող գործիչների ցանկում։ Բաղդասարյանը շարունակում է. «Ի վերջո կա երկու Հայաստան՝ պաշտոնական Հայաստան, իրական Հայաստան, որոնք երբեմն իրար հանդիպում են։ Եռաբլուրում, օրինակ, հանդիպեցին աղքատության մատնված, ցնցոտիավորներ և սև ջիպերի շարանը։ Մեկումեջ այդ երկու Հայաստանը հանդիպում են, բայց այդ երկու Հայաստանից էլ արտագաղթում են։ Ժիրայր Սեֆիլյանը հենց դա է նշում՝ որ արտագաղթում են. այս Հայաստանն ո՞ւմ է մնալու»։ Մեր այն հարցին, արդյո՞ք ինքն անձամբ կողմ է զինված պայքարի մեթոդին, Բաղդասարյանն արձագանքեց. «Դա ամենաբարդ հարցն է, որովհետև ասում են՝ հաչան շունը չի կծում, մլավան կատուն մուկ չի բռնում... Մենք այդ ի՞նչ ենք արել՝ ժողովուրդը հարյուր հազարով համախմբվել է հարցի շուրջ ու մեզ մնացել է զենքի՞դիմելը։ Խաղաղ ճանապարհները չեն աշխատում, քանի դեռ մենք չենք ձևակերպել նպատակը և միավորող խնդիրը։ Այն, որ բոլորն են դժգոհ այս վիճակից՝ ինձ համար ակնհայտ է, եթե մենք, որպես քաղաքական գործիչ, չենք կարողանում ու հույսներս զենքի վրա ենք դնում՝ զենքը կպարտվի։ Եթե միավորման խնդիր լուծենք, հավատացեք՝ զենքի հարց չի առաջանալու»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: