Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի

Կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ-այգի

Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի: Ամբողջությամբ վերակառուցված տարածքում երեխաները հնարավորություն ունեն շփվելու և խաղալու կենդանիների հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով: Նորաբաց ինտերակտիվ այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով պայմաններին՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է նմանօրինակ անկյունների ստեղծման և կենդանիների հետ ազատ շփման հնարավորությունը: «Արդեն մի քանի տարի է, ինչ կենդանաբանական այգում տարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվում նոր ազատավանդակներ, համալրվում են կենդանատեսակները: Այս աշխատանքներին զուգահեռ՝ այգում ստեղծվեց նման մի անկյուն, որը երեխաների մեջ սերմանում է սեր բնության և կենդանիների հանդեպ, ինչը կարևոր է նաև երեխաների դաստիարակության առումով», - նշել է Արամ Սուքիասյանը: Լիարժեք հանգստի համար տարածքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով. խաղահրապարակ-այգին կահավորված է նստարաններով, արտաքին լուսավորությամբ: Նշենք նաև, որ մինչև 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ կլինի անվճար: