Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր

Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին կատարած այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագիրը: Սլովենիայի Հանրապետության կողմից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Պետեր Գասպերիչը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաձայնագիրը նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացմանը, խթանել համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում՝ շուկայական տնտեսության շրջանակներում, հասնել ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը: Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների տարածքների միջև իրականացվող բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրման, իրենց երկրներով տարանցիկ և երրորդ երկիր կամ երրորդ երկրից կողմերից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից իրականացվող փոխադրումները: