Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը և ուրիշներ. Սեֆիլյանը հրապարակել է հեղափոխական ցուցակը

Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը և ուրիշներ. Սեֆիլյանը հրապարակել է հեղափոխական ցուցակը

Ժիրայր Սեֆիլյանը հասցեական դիմում է հղել հասարակական և քաղաքական գործիչներին` նրանց կոչ անելով «հրաժարվել համակարգը ներսից էվոլյուցիոն ճանապարհով փոխելու պատրանքներից, ընտրությունների միջոցով վարչակազմին հեռացնելու փորձերից, վերջ տալ ինքնախաբեությանը և որդեգրել ելքի միակ ուղին՝ ժողովրդային ընդվզումը։ Հարկ կլինի իսպառ հրաժարվել համակարգի ներսում՝ նրա կանոնների համաձայն գործելու, «լեզու գտնելու», փոքր գործեր անելու, մասամբ բարելավման հասնելու, առհասարակ կարմիր գծերից խուսափելու և ցեղասպան համակարգի կառավարումը երկարաձգող, ուստի աղետը մոտեցնող այլ քայլերից, և կազմակերպվել ու պայքարել արտահամակարգային (ոչ արտախորհրդարանական, որը նույն համակարգայինն է) ձևաչափով՝ ստեղծելով Ազգային դիմադրության ճակատ»: Սեֆիլյանը, ըստ էության, կոչ է անում հրաժարվել քաղաքական պայքարի լեգալ գործիքներից և բռնել ապստամբության, ընդվզման ճանապարհը: Այս համատեքստում մի փոքր տարօրինակ է Սեֆիլյանի կողմից գործիչների ցանկի հրապարակումը: Կասկածից վեր է ու այդ մասին հրաշալի գիտի նաև Սեֆիլյանը, որ այս գործիչների միավորման հավանականությունը` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գրեթե զրոյական է: Այս ֆոնին ի՞նչ իմաստ ուներ ցուցակի հրապարակումը, երբ դրանում ընդգրկված մարդիկ հայտնվելու են ոչ թե հեղափոխության բարիկադների վրա, այլ դառնալու են իշխանությունների նոր հետապնդումների և ճնշումների թիրախ: Մյուս կողմից` Սեֆիլյանը մերժում է, գլոբալ իմաստով, համակարգի հետ առնչություն ունեցող ուժերին (նաև խորհրդարանական ընդդիմությանը) և ընտրությունների ինստիտուտը, սակայն դիմում է գործիչների, որոնց մեծամասնությունը համակարգային մտածողություն ունի կամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին: Մտածել, թե Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարվել իր խորհրդարանական կարգավիճակից կամ Սեյրան Օհանյանը` «փափուկ» ընդդիմության կոմֆորտից` առնվազն քաղաքական նաիվություն է: «Մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։ Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները. ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռեր»-ի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ, բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»,- գրել է Սեֆիլյանը։ Առաջադրված խնդիրներն ինքնին անիրատեսական են, որովհետև` անկախ քաղաքական համակրություններից, «Սասնա ծռեր»-ի անդամների ազատության հարցը հասարակության համար կոնսոլիդացնող լինել չի կարող: ՊՊԾ գնդի իրադարձությունների և բուն «ծռերի» վերաբերյալ մեր հասարակության վերաբերմունքը խիստ բևեռային է` նրանց կերպարների հերոսականացումից մինչև քրեականացում: Սերժ Սարգսյանի իշխանությանը, Սեֆիլյանի նշած գործիչների մեծ մասն արդեն պարտվել է խորհրդարանական ընտրություններում կամ «անավարտ հեղափոխությունների» ճանապարհին: Ի՞նչ է տալու նրանց մեխանիկական միավորումը` հատկապես որ գլխավոր «ճակատամարտը»` խորհրդարանական ընտրությունները, մնացել են հետևում: Ժիրայր Սեֆիլյանն անտեսել է կարևոր մի հանգամանք: Նրա «բացահայտած» հեղափոխականներից շատերը միմյանց չեն վստահում ավելի, քան նույնիսկ` Սերժ Սարգսյանին: Այնպես որ, Ժիրայր Սեֆիլյանի այս «հեղափոխությունից» մնալու է հրապարակված ցուցակը: