Կոալիցիան լուծարվում է

Կոալիցիան լուծարվում է

Հայաստան-Սփյուռք արդեն պատմություն դարձած վեցերորդ համաժողովը ներկայիս մեջ կմնա թերևս համահայկական խորհրդի ստեղծմանն ուղղված աշխատանքի մեկնարկով: Դա Սերժ Սարգսյանի գաղափարն է, որն իհարկե ունի քաղաքական մի քանի ենթատեքստ, և դրանք էլ, իհարկե, իրենց հերթին կապակցված են Սարգսյանի քաղաքական պլանների կամ սցենարների հետ: Այդ ենթատեքստերից մեկը թերևս այն է, որ համահայկական խորհրդի ստեղծումով Սերժ Սարգսյանը գործնականում կլուծարի ՀՅԴ-ի հետ կոալիցիան: Ներկայումս գոյություն ունի այսպես ասած կոալիցիոն խորհուրդ, համենայնդեպս՝ ըստ կոալիցիոն հուշագրի, որում քննարկվում են կարևոր հարցերը ու, որի կայացրած որոշումներն էլ դրվում են կառավարության և պետական կառավարման օղակների գործողությունների հիմքում: Իհարկե խոսքն իմպերատիվ որոշումների մասին չէ, սակայն այդպիսին է կոալիցիայի տրամաբանությունը: Համահայկական խորհուրդը փաստորեն գերազանցում է կոալիցիոն խորհրդին: Մտածել, որ այդ խորհրդի որոշումները չեն առնչվելու այն ոլորտներին, որոնց առնչվում է կոալիցիոն խորհուրդը, իհարկե միամիտ կլինի: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է Հայաստանի ներքին կյանքին մասնակցելու, որոշումներ կայացնելու հնարավորությունների մասին՝ Սփյուռքին տրվելիք կամ տրվող հնարավորությունների: Եվ այս իմաստով կասկածից վեր է, որ համահայկական խորհուրդը լինելու է թերևս «վերազգային» մի մարմին, որն առնվազն բարոյական թելադրողի դերում է լինելու թե՛ ազգային, թե՛ պետական կազմակերպությունների համար: Հետևաբար առաջանում է կոալիցիոն խորհրդի, ըստ այդմ կոալիցիայի իմաստի խնդիրը: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ձևավորել համահայկական խորհուրդը այսպես ասած հնարավորինս ներկայացուցչականության տեսքով, ապա դա կլինի ոչ միայն հակակշիռ և գուցե նույնիսկ գերակա Կարեն Կարապետյանի «խորհրդին»՝ ռուսաստանահայկական ներդրումների «խորհրդին», այլ նաև ՀՅԴ-ին, որին Սերժ Սարգսյանը չի վստահել երբեք և թերևս չի էլ վստահի, համոզած լինելով, որ առաջին իսկ պահից Դաշնակցությունը պատրաստ է պայմանավորվել Կարեն Կարապետյանի հետ՝ փոքր ինչ նրա առավելությունը զգալով: Ի վերջո, Սարգսյանը լավ գիտե, որ Դաշնակցությունը գրեթե պայմանավորվում էր Հովիկ Աբրահամյանի հետ, պարզապես Աբրահամյանը չկարողացավ ժամանակ շահել Սերժ Սարգսյանի մոտ: Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ համահայկական խորհուրդը պետք է ձևավորվի այսպես ասած ընտրության միջոցով: Բանն այն է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ունենալու է ՀՅԴ-ի կարիքը, քանի որ Դաշնակցությունը Սփյուռքում ամենաազդեցիկ և կենսունակ կառույցն է, ինչը, բնականաբար, էական դեր է ունենալու համահայկական խորհրդի ընտրական մեխանիզմով ձևավորվելու պարագայում: Ընդ որում նկատելի է, որ Սարգսյանի համար ձևավորման մեխանիզմն առայժմ խնդիր է, ինչի պատճառով թերևս այն դեռ չի ներկայացվում հրապարակային մակարդակում: