Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին

«Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Երևանի կենտրոնում համաքաղաքացիներին և այցելուներին ճանաչելի կդարձնի Սերգեյ Փարաջանովի արվեստը: Այն նաև Փարաջանովի թանգարան կբերի նոր այցելուներ: Սեպտեմբերի 21-ին կոլաժի կրկնօրինակի բացման արարողությունը տեղի ունեցավ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի հարակից տարածքում: Ներկա էին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները: «Այս կոլաժն անկախության տոնի նվերն է: Աշխատանքը շուտով ունենալու է նաև իր վիրտուալ տարբերակը: Ներբեռնելով հատուկ ծրագիրը՝ կարելի է ունենալ փարաջանովյան 12 նկարներ, որոնք լուսանկարվելիս կարող են փոփոխվել»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ նման նոր լուծումներով  Երևանի կյանքը համաքաղաքացիների և այցելուների համար պետք է  դարձնեն տոն: Նմանատիպ աշխատանքներն օգնելու են նաև թանգարաններին՝ բերելով այցելուներ: Նախաձեռնության հեղինակ Արամ Նիկոլյանի խոսքով՝ այս գործով փորձում է իր նվիրումը ցույց տալ Փարաջանովի արվեստին: Կոլաժն ընտրել են Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ միասին: «Փարաջանովն ինձ համար ազատ ստեղծագործող է, որն անազատության մեջ է եղել ինչ-որ շրջան, սակայն չի դադարել ստեղծագործել: Պետք է նրան ավելի ճանաչելի դարձնենք ժամանակակից ձևով քաղաքի կենտրոնում»,-ասաց Նիկոլյանը: Զավեն Սարգսյանի խոսքով՝ աշխատանքը ստեղծվել է բանտում: Փարաջանովն այն ուղարկել է կնոջն ու գրել՝ եթե բանտում մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար: Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Փարաջանովի աշխատանքը համարեց կամուրջ մեր երկու ազգերի և մշակույթների միջև: «Ուրախ եմ ձեզ հետ ներկա գտնվելու այս կոլաժի բացման արարողությանը: Խորհրդանշական է կոլաժի բացումը հենց այս օրը: Շնորհավորում եմ նաև Հայաստանի անկախության տոնի առթիվ»,-ասաց նախարարը: