25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են

25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։ Կարևոր համարելով համայնքների զարգացումը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, կարգավորել են գյուղի հիմնական փողոցների լուսավորության հարցը։ Ծրագրի արդյունքում՝ տեղակայվել է 50 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել է 1800 մետր երկարությամբ տարածք: Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը և բնակիչները: «Այն ճանապարհը, որն ընտրել ենք համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնելու համար, արդարացված է և՛ տնտեսական, և՛ բնապահպանական, և՛ բարոյական տեսանկյունից: Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ծրագրով լուծվում է միայն լուսավորության խնդիրը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով կարգավորվում են առավել կարևոր հարցեր. Էներգախնայողություն, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում, սեփական հողն ու երկիրը շենացնելու՝ գյուղացուն փոխանցվող վստահություն: Սա մի ծրագիր է, որի արդյունավետության հաշվարկն սկսվում է լուսավորվելու պահից և շարունակվում տարիների ընթացքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը՝ խնայված միջոցներն ուղղելով համայնքային կյանքի աշխուժացմանը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղիցիրականացվել է նավթամթերքի և տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում: Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորներիանասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, կարտոֆիլի և հացահատիկային բույսերի, ինչպես նաևբանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ: