Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

Ուկրաինայի արևելքում ցանկացած խաղաղարար ուժեր պետք է լայն մանդատ ունենան, այդ թվում նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին։ Այս մասին օտարերկրացի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի ներդրումը հնարավոր ուղի է դեպի ուկրաինական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնում։ «Մեր նպատակը պարզ է՝ մենք ցանկանում ենք վերականգնել ուկրաինական տարածքային ամբողջականությունը և պաշտպանել ուկրաինացիներին՝ անկախ իրենց կրոնից, էթնիկ պատկանելիությունից կամ լեզվից։Մենք կարծում ենք, որ անվտանգության հետ կապված իրավիճակը կարևոր է բարելավել որպես առաջին քայլ»,-ասել է նա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ կմտցնի բանաձև Դոնբասում՝ շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին՝ ԵԱՀԿ աշխատակիցների անվտանգության ապահովման համար։