Սերժ Սարգսյանի խնդիրը Կարեն Կարապետյանի առաջ

Սերժ Սարգսյանի խնդիրը Կարեն Կարապետյանի առաջ

Միանգամայն տրամաբանական են այս օրերին հաճախակիացած քննարկումներն ու հարցադրումները կառավարության գործունեության մեկամյակի կապակցությամբ, քանի որ նշանակելով նոր վարչապետին՝ Սերժ Սարգսյանը նրան հռչակեց նաև փոփոխությունների խորհրդանիշ: Իսկ փոփոխությունը Հայաստանի համար ոչ թե պարզապես անհրաժեշտություն է, այլ կենսական հրամայական: Բայց հնչեղ «շնորհանդեսից» հետո գործնականում ստացվել է ընդամենը շատ սովորական գործունեության տարի, ամենասովորական կառավարության համար, որն իր գործունեությամբ հանրությանը թույլ չտվեց «շեղվել» 2018 թվականի վարչապետի խնդրից: Այսինքն՝ միակ ինտրիգը, որ նոր կառավարությունն, այսպես ասած, հարուցեց անցնող մեկ տարվա ընթացքում, դա 2018 թվականի վարչապետի ով լինել-չլինելու ինտրիգն էր: Մնացյալ հարցերում մենք գործ ունեցանք ամենասովորական կառավարության հետ, որն իր վարչապետով ոչ միայն փոփոխությունների խորհրդանիշ լինել չէր կարող, այլ, մեծ հաշվով, լուծել է լիովին հակառակ խնդիր՝ իշխող համակարգի անփոփոխության խնդիրը: Խոսքը ոչ միայն 2017 թվականի ապրիլի 2-ի մասին է, որտեղ նոր կառավարությանը և վարչապետին վերապահվեց, այսպես ասած, ռեյտինգային վերարտադրության կամուֆլյաժի դերը: Ակնհայտ է ամենասկզբից իսկ, որ դրված խնդիրը ընդամենը հնարավորինս նվազագույն կորուստներով համակարգի արդյունավետությունն ու ամբողջականությունն առավելագույնս ապահովելն է: Դա տեղի է ունենում ներքին հակադրությունների և հակասությունների, շահերի բախման և անգամ իշխանության մեջ քվոտաների վերանայման համար մղվող պայքարի ուղեկցությամբ, սակայն անգամ այդ ամենը միտված է և ըստ էության բաց է թողնված մեկ նպատակի համար՝ նվազագույն ռեսուրսով առավելագույն արդյունք համակարգի կենսունակության մասով: Ներքին հակասությունների և պայքարի մեխանիզմը գործնականում ապահովում է արտաքին լճացումն ու ճահճացումը: Այդ հակադրությունները թելադրում են օրակարգ, հանրային ուշադրություն, ինչը ձեռնունայն է թողնում որևէ ընդդիմության: Այդպիսով, Հայաստանում ընդդիմություն ասվածը գործնականում վերածվել է քաղաքական համակարգի ավելորդ տարրի: Երբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, թե իրենք իշխանություն էլ են, ընդդիմություն էլ, հանրությունը ծիծաղում էր այդ ամենի վրա: Ներկայումս, սակայն, բոլորն են փաստի առաջ, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, այսպես ասած, պրակտիկ գործառույթները մեկտեղված են իշխող համակարգում: Այն, որ դրանք ոչ միշտ ունեն կամ մեծ մասամբ չունեն դասական քաղաքագիտական տեսք, ընդամենը էսթետիկական խնդիր է: Դրանից նրանց կենսունակությունն ու օգտակար գործողության գործակիցն ամենևին չի նվազում: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանը փոխարինեց Կարեն Կարապետյանով, ինչպես մինչ այդ Տիգրան Սարգսյանն էր փոխարինվել Հովիկ Աբրահամյանով: Երբ Տիգրան Սարգսյանը նշանակվում էր վարչապետ, Սերժ Սարգսյանի խնդիրներն ու մոտիվները լիովին այլ էին, և նա, իհարկե, ուներ անհրաժեշտություն չհասկացվածության պատը փոխարինել, այսպես ասած, ինտելեկտուալության պատով՝ լուծելու համար իր թե՛ արտաքին, թե՛ ներքին լեգիտիմության որոշակի խնդիրներ: Իհարկե, ոչ թե լեգիտիմանալու համար, այլ լեգիտիմության խնդրի նշանակությունը նվազեցնելու: Եվ դա հաջողվեց, թեև հետագայում լոկ այդ հաջողությունն արդեն քիչ էր իշխանության ապահովությունը երաշխավորելու համար: Այդ իսկ պատճառով Տիգրան Սարգսյանը հեռացավ, և ռեսուրսների սղության պայմաններում ներհամակարգային խորքային կոնսոլիդացիայի առաքելությունը դրվեց «բոլորի համար ընդունելի վարչապետ» Հովիկ Աբրահամյանի վրա, ինչպես նրան բնորոշել էր Սերժ Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը, սակայն, չբավարարվեց իր այդ կարգավիճակով և ցանկանում էր լինել բոլորի համար ընդունելի նախագահ, ինչն ընդունելի չէր արդեն Սերժ Սարգսյանի համար, քանի որ Աբրահամյանն արդեն համակարգը միավորում էր ոչ թե Սերժ Սարգսյանի շուրջ, այլ նրա դեմ: Եկավ փոփոխությունների խորհրդանիշի ժամանակը, և այդ իմաստով Կարեն Կարապետյանի ընտրությունն ամենևին պատահական չէր և պայմանավորված չէր լոկ Սամվել Կարապետյանի ֆինանսական դոնորության հեռանկարով: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր գործիչ, որը մի կողմից կհամախմբի, կկոնսոլիդացնի համակարգը ինչ-որ հեռանկարի շուրջ, բայց ինքնին չի լինի այդ հեռանկարի քաղաքական պատասխանատու, չի ընկալվի այդպիսին: Կարեն Կարապետյանը գործնականում կատարում է հենց այդ դերը: Նա կոնսոլիդացնում է համակարգը, այսպես ասած, բիզնես հեռանկարների շուրջ, սակայն չի ընկալվում որպես այդ ամենի քաղաքական պատասխանատու: Իսկ քանի դեռ չկա այդ ընկալումը, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի համար չի դիտվում որպես վտանգ, հետևաբար նրա պաշտոնավարումը վարչապետի կարգավիճակով Սարգսյանի համար ներկայումս ավելի շուտ շահեկան է, քան ռիսկային կամ վտանգավոր: Անգամ 2018-ից հետո: Համենայնդեպս, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի տեսնում վարչապետի այլ թեկնածու, թեև Կարեն Կարապետյանը ներկայումս կարծես թե բավականին արդյունավետ է լուծում նվազագույն խնդիրը՝ հնարավորինս քիչ ռեսուրսով հնարավորինս կայուն և արդյունավետ գոյություն իշխող համակարգի համար: Դա թույլ է տալիս նաև պահպանել ներհամակարգային, այսպես ասած, հակադրությունների կիսաբաց ռեժիմը՝ որպես համակարգից դուրս իրավիճակի ճահճացումը երաշխավորող գործոն: Կարեն Կարապետյանի և նոր կառավարության գործունեությունը դիտարկելի է այդ տեսանկյունից, հանրային և համակարգային փոփոխությունները չեն եղել և առայժմ չեն հանդիսանում այդ կառավարության առաջնային խնդիրներից: Դրանք անհամատեղելի խնդիրներ են, որովհետև համակարգի գոյությունն ու հանրային խնդիրների սպասարկումը խորապես իրարամերժ բևեռներ են, կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Խոշոր հաշվով, որևէ դասավորության դեպքում ներկայիս համակարգից այլ խնդրի սպասումը ընդամենը ցանկալին իրականության տեղ դնել է, քանի որ որևէ այլ խնդրի հանդեպ լավ, վատ կամ բավարար ուշադրության մասին համակարգը կարող է մտածել լոկ այն բանից հետո, երբ կլուծի ճգնաժամից ու ռիսկերից ինքզինքը դուրս բերելու հարցը: