Ո՛չ, չեմ ափսոսում. Մարտուն Գրիգորյան

Ո՛չ, չեմ ափսոսում. Մարտուն Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աժ նախկին պատգամավոր, «Հանուն Գյումրու և գյումրեցիների» ՀԿ նախագահ Մարտուն Գրիգորյանը: -Պարոն Գրիգորյան, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառել իշխանության հետ կոալիցիան: Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ թեև նման քննարկում չի եղել, բայց քաղաքականության մեջ որևէ բան պետք չէ բացառել: Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր կոալիցիայի ձևավորումը: Ստացվում է՝ տարբերություն այդ երկու ուժերի միջև չկա՞: Չեք ափսոսո՞ւմ ԲՀԿ-ից դուրս գալու համար: -Ոչ, չեմ ափսոսում: Գնահատականը ես չպետք է տամ, պետք է գնահատական տա ժողովուրդը՝ տարբերություն կա, թե ոչ, քանի որ ժողովուրդն է ընտրություն կատարել կուսակցությունների մեջ: Ինչ վերաբերում է ինձ, ես խնդիր չեմ տեսնում, եթե դրա արդյունքում երկրի համար հնարավոր լինի ինչ-որ բան անելու, ընդամենն ուրախ կլինեմ: -Կառավարության մեկ տարված աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում: Վարչապետը ժամանակ առ ժամանակ Գյումրի է գալիս, ներդրումների մասին խոսում, սակայն գյումրեցիները մեզ հետ զրույցում դրական որևէ տեղաշարժ չեն տեսնում, ասում են՝ կյանքի որակը չի փոխվել: -Գյումրու կտրվածքով կա որոշակի փոփոխություն: Հայաստանի ընդհանուր մակարդակով դժվարանում են ասել, թե ինչ փոփոխություն կա, իսկ Գյումրիում ամեն դեպքում մի փոքր շարժ կա, բայց որ ասես՝ գյումրեցին իր խնդիրներից արդեն ազատվել է և Գյումրիում խնդիր չունենք, սուտ կլինի: Գյումրիի համար ինչքան էլ անենք, միևնույն է, դեռ լիքը տեղ կա անելու: Միշտ ասել եմ, որ եթե ամբողջ երկրի բյուջեն դնենք քաղաքի վրա, էլի Գյումրու համար քիչ է լինելու, քանի որ բազմաթիվ են խնդիրները: Ամեն դեպքում այսօր հստակ ուշադրություն և վերաբերմունք է նկատվում Գյումրի քաղաքին, բայց, իհարկե, դա բավարար չէ: -Մեր հարցումները ցույց են տալիս, որ գյումրեցիները դժգոհ են կառավարությունից, նշում են, որ վարչապետը գալիս է Գյումրի, սակայն այդ ամենը ձևական է: Որևէ խնդրի լուծում մինչև այս պահը չի տրվել: -Այդ մասով գյումրեցիները ճիշտ են, քանի որ, ճիշտ է, այսօր փողոցներ են կառուցվում, Կումայրի արգելոցային հատվածը բարեկարգվում է, տուրիզմի հետ կապված այն մեծ օգուտ է բերելու Գյումրի քաղաքին, բայց այս պահի դրությամբ դա նկատելի չէ, երբ փողոցները վերջացնեն, երբ տուրիստները հետաքրքրություն ցուցաբերեն, գան և մնան Գյումրիում, այդ ժամանակ կամաց-կամաց գյումրեցին իր մաշկի վրա փոփոխությունը զգալու է: Գյումրեցին տեսնում է, որ փողոցները կառուցվեցին, բայց հասկանալի է՝ գյումրեցու մտածելակերպն է, որ եթե այսօր մարդու ստամոքսը լիքը չէ, ոտքերի տակը մաքուր լինելն այնքան էլ շատ չի հետաքրքրում: Կարծում եմ՝ Գյումրիից արտագաղթը կանխելու համար պետք է փորձենք հնարավորինս մարդկանց զբաղվածության խնդիրը կարգավորել, որ մարդիկ աշխատանք ունենան, կարողանան ապրել և գոյատևել, և աչքերը չնայեն դեպի Ռուսաստան, կամ արտագնա աշխատանքի գնալուն: -Իշխանությունը նշում է, որ կառավարության տեմպերը բավարար են: Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեմպերը պահպանվեն, 2018-ին չի՞ առաջանա վարչապետի փոփոխության հարց: Դուք կողմ կլինե՞ք վարչապետի փոփոխությանը: -Ճիշտն ասած, սա թիմային որոշման հարց է, և երբ ժամանակը գա, բնականաբար քննարկումներ կլինեն և այդ ժամանակ ամեն մեկն էլ իր կարծիքը կասի: Եվ այս պահի դրությամբ մինչև 2018 թվականի փոփոխությունը ունենք վեց ամիս, վեց ամիսը քիչ ժամանակ չէ, որ այդ ընթացքում տեսնենք արդյունքներ, կատարված աշխատանք: Ամեն դեպքում ինչ էլ արվի երկրում, ընդհանուր թիմը պետք է աշխատի, որ կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել: -Երկրում այս վիճակի պատասխանատուն ո՞վ է: -Բնականաբար իշխող կուսակցությունը և կոալիցիոն գործընկերը: -Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիի ավագանու ԲՀԿ և ԳԱԼԱ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների՝ նիստերի բոյկոտը: Ընդհանուր համերա՞շխ մթնոլորտ է: -Չեմ կարող ասել համերաշխ մթնոլորտ է, թե՞ ոչ, ամեն դեպքում բոյկոտը դադարեցրին, և հիմա պետք է սպասենք՝ տեսնենք բոյկոտող կուսակցություններն ինչ դիրք են բռնելու և ինչպես են աշխատելու Գյումրու խնդիրների հետ կապված: Այն ժամանակ նիստերին միայն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներն էին մասնակցում, այս պարագայում արդեն կան ընդդիմացողներ: Բնականաբար, դա ի նպաստ քաղաքի է լինելու: