Հայաստանի «ռուսական ռազմավարությունը» թույլ կտա Մոսկվայի հետ խոսել ուժեղի դիրքերից

Հայաստանի «ռուսական ռազմավարությունը» թույլ կտա Մոսկվայի հետ խոսել ուժեղի դիրքերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: - Պարոն Կիրակոսյան, ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Agile Spirit» զորավարժություններին, թեև Հայաստանի պաշտպանության նախարարությունն ասում է, որ հայկական կողմը պաշտոնապես չէր հաստատել մեր մասնակցությունը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց մասնակցել այդ վարժանքներին: Դա կապված էր տեխնիկական ինչ-որ խնդիրների, Ադրբեջանի մասնակցության, թե՞ Ռուսաստանի, ռուսական հնարավոր ճնշումների կամ Հայաստանի իշխանությունների մտավախության հետ, որ Մոսկվան կարող է բացասաբար արձագանքել Հայաստանի մասնակցությանը: Որքանո՞վ է այս խնդիրը կապված Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների ներկայիս լարվածության հետ: - Վրաստանում անցկացված վերջին զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի որոշման պատճառները մինչ օրս պարզ չեն այն իմաստով, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել: Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ Հայաստանի մասնակցությունը նախատեսվում էր և նույնիսկ Հայաստանի դրոշն էր ներառվել զորավարժությունների լոգոտիպում: Սա երկրորդ անգամն էր, որ Հայաստանը պիտի մասնակցեր Վրաստանում կազմակերպված զորավարժություններին, և հանուն արդարության պիտի նշենք, որ նախորդ անգամ Հայաստանը մասնակցել է: Այդուհանդերձ, մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել և որն է թյուրըմբռնման պատճառը Վրաստանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև, թեև Հայաստանը ունի իրավունք չեղարկել իր մասնակցությունը նույնիսկ, այսպես ասած, «վերջին րոպեին» կայացված որոշմամբ: Չեմ կարծում, թե սա Արևմուտք-Ռուսաստան առճակատման մի մասն է, և ոչ էլ Վրաստանի հետ երկկողմ խնդիր է, որովհետև ընդամենը մեկ ամիս առաջ հայկական զորախումբը մասնակցում էր Վրաստանում անցկացված մեկ այլ՝ «Noble Partner 2017» զորավարժություններին, և հետո Հայաստանը փրկարար խումբ ուղարկեց Վրաստան՝ Ադրբեջանի և Թուրքիայի փրկարարների հետ միասին օգնելու վրացական կողմին անտառային հրդեհները մարելու գործում: Ես նաև չեմ կարծում, որ սա պարտադիր կերպով Ռուսաստանի ճնշման հետևանքն է, որովհետև այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու հարցի շուրջ: Կարծում եմ, որ երկու կողմ էլ՝ թե՛ վրացական և թե՛ հայկական կողմը չափից ավելի սուր են արձագանքում տեղի ունեցածին: Զորավարժություններն այդքան մեծ կարևորություն չունեին ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ նույնիսկ Վրաստանի համար, և Հայաստանի՝ վերջին պահին կայացված որոշումն անգամ նոր միտման կամ նոր քաղաքականության նշան չէ: Սրանք ավելի շատ խորհրդանշական, քան թե կարևոր վարժանքներ էին, և Հայաստանը, ինչպես արդեն նշեցի, մինչ այդ մասնակցել էր մեկ այլ զորավարժության Վրաստանի հետ: Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Սա առանձին միջադեպ է և պետք չէ գերագնահատել դրա նշանակությունը: Թեև արժի նկատել, որ սա որոշակի մարտահրավեր էր պաշտպանության նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանի համար հանրային կապերի տեսանկյունից, թե ինչպես մեկնաբանվեց որոշումը: - Այս միջադեպը կարո՞ղ է վնաս հասցնել հայ-վրացական հարաբերություններին: Նախ, ի՞նչ կարիք կար հրապարակային բանավեճի նախարարությունների միջև: Երկրորդը, հնարավո՞ր է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում ավելի լուրջ խնդիրներ կան, և վերջին միջադեպերըն արտացոլում են հենց այդ հանգամանքը: Հիշենք, որ վրացիները դժգոհ են Աբխազիայի և Արցախի չափից ավելի սերտ հարաբերություններից, վրացական կառավարությունը մինչ օրս չի տվել համաձայնություն Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակմանը, իսկ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, թե Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում միասնաբար հանդես կգան Աբխազիային և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում: - Եթե կարճ պատասխանեմ շատ երկար հարցին, ապա այո, կան մարտահրավերներ Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններում: Շատ վաղ է ասել, թե արդյոք սա ճգնաժամ է կամ արդյոք կան լուրջ խնդիրներ, բայց մարտահրավերը նախ և առաջ այն է, որ հայ-վրացական երկկողմ հարաբերությունների խնդիրները կապված են երրորդ երկրների հետ: Վրացական կողմին անհանգստացնում են Հայաստանի անվտանգային հարաբերությունները Ռուսաստանի հետ և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան, հատկապես այն դեպքում, եթե կրկին ռազմական բախումներ լինեն Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հայաստանի տեսանկյունից անհանգստության լուրջ առիթ են Վրաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նման մտահոգության առարկա կարող է դառնալ ձեր կողմից նշված հայտարարությունը, թե Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հանդես կգան Աբխազիային և Ղարաբաղին առնչվող հարցերում: Սա կարող է խորացնել Հայաստանի մեկուսացումը: Բարեբախտաբար, ճգնաժամ հարաբերություններում դեռևս չկա, լինի Ջավախքի խնդիրը կամ տնտեսական և առևտրային խնդիրները, բայց միևնույն է, կողմերը պետք է լուրջ ուշադրություն դարձնեն և քաղաքական կապիտալ ծախսեն երկկողմ հարաբերությունները կայունացնելու և բարելավելու համար: Ինչպես տեսանք, Վրաստանի արտաքին գործերի նախարարն այցելեց Երևան, և Հայաստանի արտգործնախարարն իր վրացի գործընկերոջ հետ փորձեցին այնպես անել, որ սա չվերածվի ավելի մեծ խնդրի: Միևնույն ժամանակ վրացական կառավարությունը պետք է մի փոքր արագացնի Հայաստանի նոր դեսպանի թեկնածուի հաստատման գործընթացը, որպեսզի ավելի մեծ ներդրում կատարվի դիվանագիտական հարաբերություններում: - Կարծում եք, Վրաստանը իսկապես կպաշտպանի՞ Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները ղարաբաղյան հարցում: - Ոչ, չեմ կարծում: Չնայած դիվանագիտական հայտարարություններին՝ Վրաստանը պետք է ավելի զգույշ լինի և թույլ չտա, որ Ադրբեջանը և Թուրքիան պարտադրեն իրենց դիրքորոշումը, որը կարող է դեմ լինել Վրաստանի ազգային շահերին: Սա նշանակում է չօտարել Հայաստանին և չմիջամտել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Վրաստանը պետք է ավելի նրբանկատ լինի՝ փորձելով հավասարակշռություն գտնել Հայաստանի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների միջև: Բայց վերջին հայտարարությունը վտանգավոր էր: Այն տպավորությունն է, որ դա շատ անխոհեմ հայտարարություն էր և ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի արտաքին քաղաքականության և ազգային շահերի դեմ: - Տենսո՞ւմ եք արդյոք Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքի ամրապնդման միտումներ: - Միտումներն ակնհայտ են, բայց սա դեռևս թրենդ չէ: Տարբերությունն այն է, որ միտումը փորձն է կամ ջանքը, իսկ թրենդը հաջողությունն է: Այլ կերպ ասած՝ շատ դժվար կլինի այդ միտումը վերածել բարեհաջող թրենդի, և ես վստահ եմ, որ վրացիներն այժմ կփորձեն կարգի բերել և շտկել Վրաստանի քաղաքականությունը և վերականգնել հավասարակշռությունը: - Եվ ինչպե՞ս պիտի գործի Հայաստանն այս իրավիճակում՝ որպես այս տարածաշրջանի մասը կազմող երկիր: - Ինչպես տեսանք Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից, Հայաստանի կառավարությունը ցուցադրում է իր համբերությունը և կտրուկ չի գործում՝ բավարար ժամանակ տալով վրացական կողմին և նախազգուշացնելով, որ Ադրբեջանը և Թուրքիան չպետք է պարտադրեն Վրաստանին այնպիսի դիրքորոշում, որը կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Չեմ կարծում, թե Հայաստանի կողմից ավելի կտրուկ քայլեր անելու կարիք կա: Հայաստանն այսօր ավելի ուժեղ դիրքերում է: Մենք պատրաստվում ենք նոյեմբերին ստորագրել նոր ռազմավարական համաձայնագիր Եվրամիության հետ, որը շատ կարևոր է նաև այն իմաստով, որ կարող է դուրս բերել Վրաստանին տնտեսական մեկուսացումից, քանի որ այդ պարագայում Վրաստանը առևտուր կանի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, այլև Եվրամիության Արևելյան գործընկերության կրտսեր անդամ Հայաստանի հետ, որը շուտով ստորագրելու է շատ կարևոր համաձայնագիր Եվրամիության հետ: Սա օգուտ և առավելություն է նաև Մոսկվայի և ԵԱՏՄ-ի համար, որովհետև Հայաստանը կդառնա ԵԱՏՄ-ի միակ անդամ պետությունը, որը նման մակարդակի ռազմավարական հարաբերություններ ունի Եվրամիության հետ: Սրան կարելի է ավելացնել Եվրամիության «GSP+» համակարգի առավելությունները: Բացի այդ, Հայաստանը Իրանի հարևանն ու բարեկամն է և ԵԱՏՄ-ի միակ պետությունը, որը սահմանակցում է Իրանին: - Իսկ համոզվա՞ծ եք, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ: - Այո, համոզված եմ: - Նույնիսկ Հայաստանի իշխանությունների նման անկանխատեսելի վարքագծի դրսևորման պարագայո՞ւմ: - Կա երկու պատճառ, որի հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը: Մեկն այն է, որ ի տարբերություն 2013-ի համաձայնագրի՝ Պուտինը ավելի շատ է շահում Հայաստանի և Եվրամիության նոր հարաբերություններից և բանակցված նոր համաձայնագրից, որովհետև դա ավելի վստահելի է դարձնում ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց: Հիշենք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: Սա հնարավորություն է տալիս Ռուսաստանին հարաբերություններ հաստատել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության միջև, և Հայաստանն այս իմաստով կարող է կամրջի դեր խաղալ երկու կառույցների միջև: Երկրորդ պատճառն այն է, որ այսօրվա իրավիճակը զգալիորեն տարբերվում է 2013-ի ընդհանուր իրավիճակից, և նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը ճնշում գործադրեց Հայաստանի վրա՝ կանխելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, իմ կարծիքով՝ դա կապված էր ոչ թե Հայաստանի, այլ Ուկրաինայի և սահմանակից երկրներում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման խնդրի հետ: Այսօր արդեն Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և այլևս կարիք չկա օգտագործել Հայաստանը՝ որպես Արևմուտքին հզոր ուղերձ ուղարկելու միջոց, ուստի կարելի է եզրակացնել, որ Մոսկվան արդեն իսկ թույլատրել և հասկացել է, որ Հայաստանը նախաստորագրել է համաձայնագիրը և կստորագրի նոյեմբերին: Խնդիրը մասամբ նաև այն է, որ ոչ թե Ռուսաստանն է ճնշում գործադրում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, այլ դիմադրություն գալիս է ԵԱՏՄ-ի այլ անդամ պետություններից, հատկապես ադրբեջանամետ Բելառուսից և Ղազախստանից: - Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, այնուամենայնիվ տպավորություն ունեմ, որ Հայաստանի քայլերն արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով, լինեն դրանք հարաբերությունները Եվրամիության, Չինաստանի կամ մեկ այլ պետության հետ, զգալի չափով վերաբերում են Ռուսաստանին և Ռուսաստանի հետ հարաբերությունները բալանսավորելուն: - Եթե այդ քայլերը պայմանավորված են Ռուսաստանին վերաբերող ռազմավարությամբ, ապա դա լավ է: Այլ խոսքերով՝ այդ ռազմավարության նպատակը չափից ավելի մեծ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելն է և հարաբերություններում հավասարակշռություն հաստատելը: Բայց ես կասեի, որ Իրանի, Չինաստանի, Եվրամիության ու Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը ամրապնդում է Հայաստանի դիրքերը: Հայաստանի ավելի հավասարակշռված դիրքը ոչ միայն լավ է մեր երկրի համար, այլև դա փոխում է Մոսկվայի հետ հարաբերությունները` թույլ տալով խոսել ավելի ուժեղ դիրքերից և ստիպելով հարգել մեզ: Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, հարգում է ուժը, ոչ թե հնազանդությունը կամ հպատակությունը: Այս իմաստով Հայաստանը կարող է ավելի լավ բանակցել Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ ուժեղի և ոչ թե թույլի դիրքերից: - Ի դեպ, ի՞նչ կարող եք ասել Հայաստան-Չինաստան հարաբերությունների մասին: Չինացիները բարեկամական քայլեր են անում Հայաստանի հանդեպ՝ մասնավորապես տրամադրելով ռազմական օգնություն: Ո՞րն է ընդհանրապես Չինաստանի հետաքրքրությունը կամ շահը Հայաստանում: - Չինաստանի հետաքրքրությունը հետևյալն է՝ ծանրակշիռ քաղաքական, դիվանագիտական և ֆինանսական ներդրումներ անել իրենց նոր՝ «մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «մետաքսի ճանապարհ» նախագծի մեջ: Այս նախագիծը ներառում է և՛ ենթակառուցվածքներ, և՛ տրանսպորտային կապ, և՛ առևտուր: Հայաստանն այսօր շատ խելացի քայլ է կատարում՝ ծրագրի իրագործման սկզբնական փուլերում ցուցադրելով, թե ինչու Հայաստանը պիտի ներառվի այդ գոտու մեջ: Միևնույն ժամանակ պետք է արժանին մատուցել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Չինաստան գնալու, «մեկ գոտու» գագաթնաժողովին մասնակցելու և շատ ակտիվ լինելու համար: Սա շատ մեծ ռազմավարական հնարավորություն է, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնել: Արժի նաև նկատել, որ այս հարաբերություններն ընդհանուր առմամբ ավելի ընդունելի են Ռուսաստանի համար, որովհետև դրանք Չինաստանի հետ են և ոչ թե Արևմուտքի: