Մեր ուժերի ներածին չափով պահպանողականներս կաջակցենք «Ելք»-ի նախաձեռնությանը

Մեր ուժերի ներածին չափով պահպանողականներս կաջակցենք «Ելք»-ի նախաձեռնությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:  -Պարոն Հայրապետյան, «Ելքը» ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել, որ պետք է որդեգրել ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայտարարության վերաբերյալ։ Ձեր քաղաքական ուժը կաջակցի՞, թե՞ ոչ: Ձեզ համար հիմնավո՞ր են այն դրույթները, որ կան հայտարարության մեջ:  -Անկախ հայտարարության տեքստի դրույթներից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը շրջանառելը, այդ ուղղությամբ արդյունավետ քաղաքական քայլեր անելը միմիայն ողջունելի են, և մեր ուժերի ներածի չափով պահպանողականներս կփորձենք աջակցել «Ելքի» նախաձեռնությանը:  -Առհասարակ, ի՞նչ եք կարծում, այս նախաձեռնությունը հանրային աջակցություն կունենա՞՝ հաշվի առնելով, որ  2013-ին ԵԱՏՄ անդամակցման դեմ դուրս եկողների պայքարը հանրային լայն աջակցություն չունեցավ: -Հանրային աջակցության մակարդակը կախված կլինի նախաձեռնության ներկայացման քաղաքական գործիքակազմից, առաջնորդողների անձնական որակներից և որդեգրած ուղեգծից: Դեռևս միայն դրական է ամեն բան: -Տեսակետ կա, որ այս նախաձեռնությունը ձեռնտու է իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերություններով որոշակի տրամադրություններ ցույց տալու համար: -Չի բացառվում: Եթե դա իշխանություններին ձեռնտու է, դեռևս չի նշանակում, որ հրաժարվել է պետք: -Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով Հայաստանի բնակչության մեծամասնությունը ԵԱՏՄ-ից դուրս գալ համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները: Որտեղի՞ց դեսպանին այս համոզմունքը:  -Ռուսական դեսպանն ուղղակի էժան քարոզչություն է անում, որ էթիկայի խախտում է և կոպիտ միջամտություն մեր ներքին կյանքին: Հայաստանի գիտակից քաղաքացիներն առնվազն Քեսաբի դեպքից հետո չեն վստահում ռուսական ոչ մի խոսքի և գործի: -Ընդհանրապես վերջին շրջանում ապագաղութացման տարբեր նախաձեռնություններ եղան: Ո րքանո՞վ դա իրապես կարո՞ղ է նպաստել ապագաղութացմանը և ի՞նչ պետք է անել դրա համար: -Ողջունելի են ապագաղութացման բոլոր նախաձեռնությունները, եթե իհարկե դրանց մի մասը գոլորշի բաց թողնելու և ախոյաններ երևակելու համար չի նախագծվել ռուսական շրջանակներում: Ժամանակի ընթացքում կա՛մ Ռուսաստանը կժողովրդավարականանա և կդառնա մեր բարեկամն ու իրական դաշնակիցը, կա՛մ նրա թուլացմանը համընթաց՝ Հայաստանն աստիճանաբար կթոթափի գաղութային կախվածությունը: -Ինչպե՞ս եք գնահատում «Խավարում» ցուցահանդեսի փակումը: Արդյոք դա գրաքննություն չէ՞, արդյոք դրանով չեն փորձո՞ւմ ռեպրեսիաների հեղինակներին արդարացնել: -Ազատ մտքի արգելափակումը, գրաքննությունը հատուկ են միայն ամբողջատիրական պետություններին. և մենք, լինելով ամբողջատիրական Ռուսաստանի կցորդը, շարժվում ենք նույն տրամաբանությամբ: Իսկ ռեպրեսիաների հեղինակներին այսօրվա դրածոները ոչ թե արդարացնել, այլ գոնե ժամանակավորապես փրկել կարող են միայն. և դա ուզում են, քանի որ այդ ռեպրեսիաների հեղինակների կա՛մ անմիջական, կա՛մ հոգևոր զավակներն են այսօր Հայաստանում նշանակված որպես վերակացուներ, ում մենք իշխանություն ենք անվանում: Բայց դե, նրանց գնացքը վաղուց գնացել է, իրենք վերջին ուղևորներն են՝ կառամատույցին մնացած: