Գործադուլ` մշուշոտ ելքերով

Գործադուլ` մշուշոտ ելքերով

Ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի ակցիային՝ գործադուլին այսօր միացել է 184 փաստաբան: Այդ փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-քննարկում, որին մասնակցել է նաև պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Չնայած խուզարկություններն իրականացնում է Դատական դեպարտամենտը` իշխանությունների ակնհայտ թելադրանքով, սակայն կանխատեսելի էր, որ դժգոհության հիմնական սլաքն ուղղվելու է Փաստաբանների պալատի դեմ: Ըմբոստ փաստաբանները համոզված են, որ Պալատի նախագահն ու խորհուրդն իշխանությունների կողմից ուղղորդվող ռեպրեսիվ մարմիններ են և հենց նրանց են մեղադրում փաստաբանության մեջքը կոտրելու համար: ՓՊ-ի նախագահը և նրա թիմը տողատակում ակնարկում են, որ իշխանություններն առիթավորվում են փաստաբանների անմիաբանությունից: Երկու վարկածներն էլ գոյության իրավունք ունեն, նույնիսկ փոխլրացնում են միմյանց, սակայն դրանից խնդրի էությունը, բովանդակությունը չեն փոխվում: Հիմա նույնիսկ անիմաստ է քննարկել, թե փաստաբանների հակամարտ բանակներից ով է ճիշտ կամ սխալ, խորանալ բերված փաստարկների օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մեջ: Փաստն այն է, որ փաստաբանական ինստիտուտը ճգնաժամ է ապրում, որը պահանջում է ինստիտուցիոնալ հանգուցալուծում: Իդեալական կլիներ, եթե հակամարտող կողմերը գային ընդհանուր հայտարարի, կոնսենսուսային հիմքով կազմակերպեին Պալատի ղեկավար մարմինների նոր ընտրություններ: Սակայն սա ուտոպիստական մոտեցում է, մանավանդ, որ փաստաբանների հակամարտության մեջ մեծ դեր ունի անձնական անտագոնիզմը: Մյուս կողմից` առկա է իշխանությունների գործոնը: Փաստաբանական մեկ կառույցի պարագայում նրանք արդյունավետորեն վերահսկում են իրավիճակը և երբեք թույլ չեն տա փաստաբանների այդպիսի կոնսոլիդացիա, որն արդյունքում կմեծացնի այս ինստիտուտի դերն արդարադատության համակարգում, որովհետև դա ուղղակիորեն հարվածելու է իշխանությունների շահերին և նրանց կողմից վերահսկվող կոռուպցիոն հոսքերի համակարգին: Մյուս կողմից` եթե փաստաբանները չեն կարողանում գործել մեկ տանիքի տակ, ավելի ճիշտ կլինի նրանց քաղաքակիրթ «ապահարզանը»: Սակայն սրան էլ խանգարում է օրենսդրությունը, որը ֆորմալիզացրել է դաշտում Փաստաբանների պալատի մենաշնորհային կարգավիճակը: Բայց կարծում ենք` գոնե օրենսդրական փոփոխությունների միասնական փաթեթ փաստաբանները կարող են ներկայացնել և տարբեր լեգալ մեխանիզմներով հասնել նրան, որ խորհրդարանը կատարի օրենսդրական փոփոխություններ: Ճգնաժամը կարող է լուծվել միայն այլընտրանքային փաստաբանական միությունների ձևավորման ճանապարհով: Մի կողմից` իշխանություններն այդ դեպքում հանգիստ կլինեն, որ տեղի չի ունենա փաստաբանական մեծ կոնսոլիդացիա, մյուս կողմից` տարբեր միությունների միջև մրցակցությունը կխթանի փաստաբանության որակի բարձրացումը: