Մշակույթի նախարարությունը զլանում է հանդիպել լուծարվող ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ. Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձավ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող՝ Հովհաննես Շարամբեյանի ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ի խնդրին: «Կենտրոնի կառուցվածքային փոփոխության արդյունքում 20-22 աշխատողներ ստացել են իրենց պայմանագրերի լուծարման մասին տեղեկատվական թերթիկներ: Ես մշակույթի նախարարությունից չեմ լսել ամբողջական տեղեկատվություն, թե նման կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նույն աշխատանքը ինչ մեխանիզմներով պետք է արվի: Մշակույթի նախարարությունը նաև զլանում է հանդիպել այդ աշխատակիցներին և բացատրել, թե ինչ որոշումների մասին է խոսքը»: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ պատգամավորը կամ նորից կարող է հնչեցնել հարցը, երբ ներկա կլինի մշակույթի նախարարը, կամ կարող է գրավոր դիմել և գրավոր պատասխան ստանալ: