Մի խնդիր, որը ջլատում է գյուղացիներին. Ալիկ Սարգսյանը մթերումների հարցով դիմեց գյուղնախարարին

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր հարցը ուղղեց գյուղնախարարին. «Տարիներ շարունակ երկրում մի շատ կարևոր խնդիր իր լուծումը չի գտնում, որը թուլացնում, ջլատում և նյարդայնացնում է մեր գյուղացիներին: Խոսքը մթերող կազմակերպությունների հետ աշխատանքի մասին է: Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը ինչ-որ կերպ պետք է կանոնակարգի այս ոլորտը»: Ի պատասխան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց. «Մենք միշտ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ ոլորտը: Հանդիպել ենք բոլոր մթերողների և արտադրողների հետ: Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ կառավարությունը չի խառնվելու գնագոյացմանը, այնուամենայնիվ, այն մթերողները, որոնք չեն մթերում և կոնյակ են արտահանում, եթե մթերում են, և չեն վճարում, լինելու են մեր ուշադրության կենտրոնում»: