Կարեն Կարապետյանը «ընդունեց», որ ձախողվել է և չի հասկացել խնդիրը

Կարեն Կարապետյանը «ընդունեց», որ ձախողվել է և չի հասկացել խնդիրը

Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը գործականում կամ չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագրական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությանը պետք է ներկայանար բոլորովին այլ մեսիջներով և հաշվետվությամբ: Այլապես, ներկայացվող վիճակագրությունը, որից հասարակությունը նույնիսկ չնչին մասը ըստ էության չի կարողացել շոշափել մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբունքորեն չի բարելավվում, երբ հիվանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սակայն բժիշկները նրան փորձում են ինչ որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է և հիվանդը առողջանում է սպասվածից էլ ավելի լավ: Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հաղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում խնդիրը ամենևին վիճակագրության հավաստիությունը չէ և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը: Խնդիրն այն է, որ այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության որևէ խորքային կապ չունի այն իրականության հետ, որում գտնվում է հասարակությունն ու պետությունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դիտարկել միայն վարչապետին, մեղմ ասած անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցություն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»: Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անկասկած խելացի մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները: Ըստ այդմ նա անկասկած լավ է պատկերացնում, որ չունի հանրությանը ներկայանալու այլ հավաստի, համոզիչ տարբերակներ, քան տոկոսային պատկերների մատուցումը: Եվ ուրեմն լավ է պատկերացնում նաև իր գործունեության գնահատականը հանրային մտապատկերում: Ներկայացվող վիճակագրությունը հենց այդ գնահատականի այսպես ասած բարձրաձայն պատասխանն է: Այսինքն, թվերով, վարչապետը պատասխանում է կամ հակադարձում հանրության մտքերին, «ապացուցելու» համար, որ ինքը լավ է աշխատել: Ինչպես կասեր բանաստեղծը, որին ի դեպ վերջերս պատկերեցին հայկական դրամի վրա՝ կամ չի զգում ապացույցի կարիք, այն էլ դատարանի, տվյալ դեպքում վիճվարչության վճռով: Ի վերջո այդ բոլոր թվերի դիմաց կա ընդամենը մեկը՝ Հայաստանից հեռացողների թիվը, որ առաջին կիսամյակում կարծես թե արդեն իսկ կազմել էր մոտ 15 հազար:   Լուսանկարները՝ Photolure-ի