Դա պարզապես Comedy club-ի տեքստ է. փաստաբան

«Վաղուց այնցել են այն ժամանակները, երբ փաստաբանությունն արդարադատության 5-րդ անիվն էր․ չկա արդարադատություն առանց փաստաբանների և ցանկացած դատավարություն, որտեղ չի մասնակցում փաստաբան՝ արդեն իսկ թերի է։ Եթե այս երկրում իրոք թույլատրված և երաշխավորված է փաստաբանական գործունեությունը, ապա այն պետք է հարգվի, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է դրա մասին ազնվորեն ասել»,- հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ այսօր փաստաբանների կողմից կազմակերպված գործադուլի ժամանակ։ Անդրադառնալով նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից երեկ հրապարակված արգելված իրերի ցանկին, Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դա պարզապես Comedy club-ի տեքստ է։ «Դուք պատկերացնում եք, որ աշխարհով մեկ սկսեն հումոր անել, թե Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցնել գործելու համար նախատեսված շյուղեր․ այսինքն՝ ստացվում է, որ փաստաբանները կամ այն մարդիկ, ովքեր ներկա են լինում դատական նիստերին՝ խասյաթ ունեն հա շյուղերով ներս մտնելու կամ ի՞նչ է նշանակում արգելվել են բակտերիաներն ու վիրուսները․ յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի 39 տրիլիոն բակտերիա, հիմա այդ մետաղորսիչ սարքով ո՞նց են այդ բակտերիաներին հանելու մարդու մեջից։ Սա այս պահին զավեշտ է թվում, բայց իրականում սա լացելու բան է, ողբերգություն է»,- ասաց նա։ Աթանեսյանի խոսքերով՝ քո իսկ պետության նկատմամբ նման անլուրջ վերաբերմունքն անթույլատրելի է։ Մանրամասները՝ տեսանյութում։