Այս անգամ գիշերը Հայաստանի ու Եվրամիության վրա է

Այս անգամ գիշերը Հայաստանի ու Եվրամիության վրա է

Այս պահին չկա Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը խանգարող հանգամանք՝ երեկ հայտարարել են Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները: Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիության առաջատարներն են, և այս երկրների դեսպանների հայտարարությունն անկասկած կարևոր է Հայաստան-ԵՄ նոյեմբերին սպասվելիք համաձայնագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն դատելով իրականությունից և նախադեպերից՝ պետք է ասել, որ այս պահին խանգարող հանգամանքի բացակայությունը ամենևին չի նշանակում, որ ամեն հաջորդ պահի՝ ընդհուպ մինչև ստորագրմանը նախորդող գիշերը, այդպիսի խանգարող հանգամանք առաջանալ չի կարող: Ըստ երևույթին հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել, որ Հայաստանը, նոյեմբերին ստորագրելով համաձայնագիրը, գործնականում կլինի ԵՏՄ միակ պետությունը, որը համաձայնագիր ունի նաև Եվրամիության հետ: Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի այդ հայտարարության մեջ գործնականում նշմարվում է Ռուսաստանին սիրաշահելու կամ շահագրգռելու որոշակի միտում՝ ցույց տալու համար, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրից Ռուսաստանը ոչ միայն տագնապելու կարիք չունի, այլ նաև կարող է գտնել իր համար, այսպես ասած, շահավետ կողմեր՝ այն իմաստով, որ Հայաստանի միջոցով փաստորեն Եվրամիության հետ որոշակի կապ կունենա նաև ԵՏՄ-ն: Հատկապես հաշվի առնելով, որ ԵՏՄ-ի, այսպես ասած, միջազգային ճանաչումը Ռուսաստանի համար հետապնդվող խնդիրներից մեկն է, և Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ըստ Ֆրանսիայի դեսպանի, կարող է թույլ տալ մտածել այդ խնդրի թեկուզ փոքր չափի, սակայն որոշակի լուծման մասին: Բավարար կլինի՞ դա հասնելու այն բանին, որ վերջին պահին Մոսկվան Երևանի առաջ չդնի խնդիրներ: Դժվար է ասել՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռուսաստանյան քաղաքականության մեջ կամակորության, քմահաճույքի տարրը ունի բավական զգալի նշանակություն և հաճախ գերակա է ռացիոնալ և սթափ մտածողության հանդեպ: Եվ այս իմաստով իհարկե տագնապը, որ վերջին պահին ինչ-որ բան կարող է խանգարել, ամենևին անհիմն չէ: Խնդիրը այն չէ, որ ինչ-որ բան տեղի է ունենում Ռուսաստանից գաղտնի, և հանկարծ Մոսկվան պարզելու է ինչ-որ անցանկալի տարր: Բացարձակապես, և այդ իմաստով աներկբա է, որ Հայաստանը ԵՄ հետ բանակցության ամեն քայլ ու տարր համաձայնեցրել է Մոսկվայի հետ: Բայց խնդիրը հենց այն է, որ Մոսկվան պարզապես անկանխատեսելի է, և հաճախ բովանդակությունն ու ռացիոնալությունը մղվում են հետին պլան՝ առաջնային պլան բերելով չհիմնավորված և զգայական մեծապետականությունը: Եվ բոլորովին պետք չէ բացառել, որ այդ պոռթկման մեջ, ունենալով որևէ խնդիր Արևմուտքի, Եվրամիության հետ, Ռուսաստանը կարող է կրկին «ինքնահաստատվել» Հայաստանի վրա: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այստեղ միայն Ռուսաստանին սիրաշահելու և շահագրգռելու, այսինքն՝ Ռուսաստանի ռացիոնալ և սթափ մտածողության վրա հույս դնելու քայլը բավարար չէ, և այստեղ անհրաժեշտ են քայլեր, գործիքներ, որոնք Հայաստանին կօգնեն դիմակայել, այսպես ասած, իռացիոնալության պոռթկմանը: Ի վերջո, անհերքելի է, որ եթե Հայաստանն ու Եվրամիությունը տապալեն կամ իրականություն չդարձնեն նոր շրջանակային համաձայնագիրը, ապա Ռուսաստանի պարագան այս դեպքում պետք է համարել միայն թույլ արդարացում, որովհետև սեպտեմբերի 3-ի նախադեպից հետո թե՛ Հայաստանի իշխանությունը, թե՛ Եվրամիությունը երկրորդ փորձին պետք է մոտենային շատ ավելի պատրաստված և, այսպես ասած, երաշխավորված, ապահովագրված՝ նույն կերպ չտապալելու համար: Առավել ևս, որ երկրորդը շատ ավելի թեթև ծանրություն է բովանդակային իմաստով, և դրանում բացակայում է Ասոցացման համաձայնագրի գործնականում ամենամեծ կշիռ ունեցող մասը: