Հայաստանը` ամերիկյան բլիթի և ռուսական կացնի արանքում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտրային քաղաքականության և տնտեսագիտության հարցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Պաշտոնական լրահոսը, որպես կանոն, զուսպ է լինում, բայց այս դեպքում` նույնիսկ դրանից դատելով, դժվար չէ նկատել, որ զրույցի օրակարգում եղել են թեմաներ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Միայն այն հանգամանքը, որ քննարկվել է ՏՏ և էներգետիկայի ոլորտներում համագործակցության և ամերիկյան ներդրումների հեռանկարն` արդեն իսկ խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը Հայաստանի հետ կապված հեռանկարային, ռազմավարական ծրագրեր ունի: Այս ոլորտների զարգացումը ոչ միայն ճգնաժամից դուրս կբերի Հայաստանի տնտեսությունը, այլ կլուծի երկու կենսական, որակական խնդիր, որոնք հրամայական են մեր երկրի զարգացման տեսանկյունից: ՏՏ և էներգետիկայի ոլորտներում ամերիկյան հնարավոր ներդրումներն էապես փոխելու են Հայաստանի տնտեսության կառուցվածքը, տնտեսական հարաբերությունների մշակույթն ու փիլիսոփայությունը` դրանք դուրս բերելով քրեաօլիգարխիկ մտածողության ճիրաններից: Դա միակ ճանապարհն է, որ հանրագումարում նպաստելու է Հայաստանում պատասխանատու քաղաքացիների ինստիտուտի ձևավորմանը, որի համար կենսական նշանակություն է ունենալու երկրի քաղաքական ընտրության հարցը: Ավելորդ է նույնիսկ մեկ անգամ ևս անդրադառնալ էներգետիկայի ոլորտին, որտեղ մրցակցությունը մեծացնելու է դրա կենսունակությունն, իսկ դիվերսիֆիկացիան, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանության բանալին է: Ըստ ամենայնի, Վաշինգտոնը` հաշվի առնելով Հայաստանի և նրա իշխանության առանձնահատկությունները, ռուսական գործոնի հանգամանքները, որոշել է իր հեռանկարային ծրագրերն իրականություն դարձնել անաղմուկ, առանց ավելորդ քաղաքական ենթատեքստի, որպեսզի ժամանակի ընթացքում Երևանն իրապես կարողանա տիրապետել սուվերեն որոշումներ կայացնելու գործիքակազմին: Այս դեպքում գործ ունենք ամերիկյան կրեատիվ մոտեցման հետ, որը ենթադրում է գործընկերային հարաբերությունների հաստատում` զարգացման օրակարգով: Ակամայից ցցուն երևում է այն ճչացող կոնտրաստը, որ առկա է հայ-ամերիկյան և հայ- ռուսական հարաբերություններում: Մի դեպքում կարևորվում է Հայաստանի ինքնիշխանությունը, մյուս դեպքում` Ռուսաստանի դեսպանը հայաստանցիներիս փոխարեն որոշում է, որ մենք դեմ ենք ԵՏՄ-ում մեր երկրի անդամության չեղարկմանը: Ամերիկյան կողմը խոսում է կոնկրեր ներդրումների մասին, ռուսները կազմակերպում են ներդրումային շոուներ` առանց բովանդակության և արդյունքի: Վաշինգտոնը հետևողական նպաստում է Արցախի ականազերծմանը` նպաստելով մարդկային կյանքերի փրկությանը, Ռուսաստանը մահաբեր զենք է մատակարարում տարածաշրջան, հատկապես` Ադրբեջան` նպաստելով նոր պատերազմի սանձազերծմանը: Երեկ երբ լրագրողները փորձել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինից պարզաբանումներ ստանալ խնդրի վերաբերյալ, լսել են նրա զավեշտալի պատասխանը: «Մենք սպառազինություն ենք մատակարարում նաև Հայաստանին»,-ասել է դեսապանը: Ցինիզնի գագաթնակետ է, երբ դանշնակից երկրի դեսպանն այսպես է արդարացնում վերջինիս թշնամուն ապառազինությունների մատակարարումը: Սակայն ավելի ուշագրավ է այն, որ կարգավորման միջնորդ երկիրը խոստովանում է հակամարտության կողմերին սպառազինվելու մասին` ակամայից ընդունելով, որ Ռուսաստանը խաղաղություն հաստատելու ռեսուրս չունի և հակամարտությունը «տաք» պահելով է լուծում իր ազդեցության պահպանման խնդիրը: Հարցը ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին սիրել-չսիրելու մեջ չէ: Քաղաքականությունը զգացմունքներ չի սիրում և խարսխվում է պրագմատիզմի և ռացիոնալության վրա: ԱՄՆ-ը նախադրյալներ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ունենա ընտրության հնարավորություն, Մոսկվան հետևողականորեն չեզոքացում է Հայաստանի այդ իրավունքը` եվրասիական չուլանի կարգավիճակը դարձնելով անշրջելի: ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հուշում է համագործակցության կամարջի ճանապարհը, Ռուսաստանը հակամարտության կողմերին ներքաշում է խրամատային «երկխոսության» հորձանուտ: Հայաստանը հայտնվել է ամերիկյան առաջարկների և ռուսական կացինի արանքում: Ընտրությունը մերն է, քանի դեռ դրա նվազագույն հնարավորությունն ունենք: