Ինչո՞ւ կառավարությունը չարձագանքեց նախկին նախարարի հեղափոխական առաջարկին

Ինչո՞ւ կառավարությունը չարձագանքեց նախկին նախարարի հեղափոխական առաջարկին

Էկոնոմիկայի՝ 2013-2014թթ. նախարար Վահրամ Ավանեսյանը նախօրեին Համաշխարհային բանկի 25-ամյակի միջոցառումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ներդրողը պետք է այնքան ժամանակ հարկ չվճարի, մինչև իր ներդրած գումարները ետ չբերի: Նրա խոսքով՝ Հայաստանն անպայման պետք է դրան գնա, քանի որ չունի ավելի էժան ռեսուրսներ, որպեսզի ֆինանսավորի մասնավոր հատվածը: «Թերևս ավելի լավ է, մարդկանց չհարկել, քանի որ նա դեռ իր շահույթը չի ստացել՝ հատկապես աշխատանքի հետ կապված հարկերը: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ ՀՀ-ն, ինչպես մեր տարածաշրջանի այլ երկրներ, զբաղվածության առումով ունեն թերևս զրո առաջընթաց: Վերջին 10-15 տարիների ընթացքում զբաղվածությունը գործնականում չի ավելացել»,- ասել է Վ. Ավանեսյանը: Նշենք, որ նախկին նախարարն այժմ Համաշխարհային բանկում աշխատում է որպես խորհրդատու: Իսկ նախօրեի այդ միջոցառմանը երբ նման հայտարարություն էր անում, նրան մեծ ուշադրությամբ լսում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Դժվար է ասել, թե վերջինս ինչ էր մտածում իր նախկին գործընկերոջ առաջարկության մասին: Համաձա՞յն էր նրա հետ, թե՞ ոչ՝ դեռ կհասցնենք տեղեկանալ: Բայց հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, թե Վ. Ավանեսյանը նման կարծիք ինչու չի բարձրաձայնել նախարար եղած ժամանակ: Կամ միգուցե բարձրաձայնել է, բայց դա ոչ թե հրապարակավ, այլև կառավարության շրջանակում, պարզապես իր առաջարկությունը մեր իշխանությունների կողմից չի ընդունվել: Պարզ է, որ հիմա լինելով միջազգային այդ կառույցի խորհրդատուն՝ նա ավելի ազատ է տեսակետներ արտահայտելու առումով: Իսկ Վ. Ավանեսյանի միտքը, թե Հայաստանում ներդրողը պետք է ազատվի հարկային պարտավորություններից՝ մինչև իր ներդրումները ետ կբերի և շահույթ կստանա, բավականին հեղափոխական հայտարարություն է: Իհարկե, տեսանյությում նա չի ներկայացրել, թե նման ինչ հաջողված փորձեր կան, կամ որ երկրներում է այդ պրակտիկան օգտագործվում, որ հասկանալի լինի, թե ում կարելի է ընդօրինակել: Վ. Ավանեսյանն անգամ չի հիշել, որ նման փորձ վարչապետ աշխատած տարիներին կիրառում էր Հրանտ Բագրատյանը, ով երբեմն բարձրաձայնում էր, որ նաև այդ քաղաքականության շնորհիվ պատերազմական տարիներին հնարավոր եղավ տնտեսական աճ ապահովել: Ավելի ուշ Հ. Բագրատյանն իր այդ փորձը որպես ծրագրային դրույթ ներառեց ՀԱԿ-ի նախընտրական «100 քայլում», իսկ այս տարվա խորհրդարանական ընտրություններին էլ տեղափոխեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագիր: Կգնա՞ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը նման հեղափոխական, ցավոտ մեթոդների, թեև երբեմն սիրում է կրկնել այդ ձևակերպումը: Այս գլխից կարելի է ասել, որ նախկին նախարարի առաջարկությունը մեր իշխանությունները չեն ընդունի: Հատկապես հարկային և մաքսային մարմինները, որոնք էլ ապահովում են եկամուտների հավաքագրումն ու լցնում բյուջեն: Կ. Կարապետյանը չունի Հ. Բագրատյանի տնտեսական գիտելիքներն ու առավել ևս՝ նման կտրուկ փոփոխությունների գնալու համարձակությունը: Իսկ ներդրողին հարկերից ազատելը իրոք բավականին հեղափոխական, ինչպես ասում են, վիրահատական քաղաքականություն է, որը միգուցե երկարաժամկետ կտրվածքով զարգացում կբերի մեր տնտեսությանը, բայց կարճաժամկետ կտրվածքով այն ֆինանսական խնդիրներ կառաջացնի: Չի բացառվում, որ նման քաղաքականությունը բյուջեի մուտքերի վրա սկզբնական փուլում էական բացասական ազդեցություն կթողնի և սոցիալական լարվածություն կառաջացնի: Բայց նաև հավանական է, որ դա երկարաժամկետ կտրվածքով մեծ ներդրումներ կբերի, տնտեսական զարգացում կապահովի: Բայց դրանք հաշվարկներ են, որոնք պետք է արվեն, իսկ մեր իշխանությունները երբևէ աչքի չեն ընկել երկարաժամկետ քաղաքականություն վարելու իրենց գործելաոճով: Նրանք միշտ օրվա խնդիր են լուծել՝ բյուջեն լցնել ու հասցնել վճարել այդ ամսվա աշխատավարձերն ու կենսաթոշակը: Ընդամենը: Իսկ նման կոշտ քաղաքականության առաջացրած լարվածությունը կարող է լուրջ սպառնալիք լինել իշխանությունների գոյատևման համար: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք գործարար աշխարհի ներկայացուցիչներից պարզել, թե Վ. Ավանեսյանի ասածը որքանով ընդունելի կլինի մեր իշխանությունների համար կամ որքանով կիրառելի կլինի մեր երկրի համար: Գինեգործների միության նախագահ և գինու արտադրությամբ զբաղվող Ավագ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները դժվար թե նման քայլի գնան, քանի որ համապատասխան ռեսուրսներ չունեն: Չէ՞ որ հարկային արտոնություն տալը կնշանակի համապատասխան չափով հարկերից հրաժարվել: Նրա կարծիքով՝ Հայաստանի համար դժվար կլինի անգամ ներդրումների հարկումը մի քանի տարով հետաձգել: Եվ միգուցե կարճաժամկետ ծրագրերի դեպքում գնան նման քաղաքականության: Օրինակ՝ շինարարությունը ավարտելուց անմիջապես հետո կարող է շահույթ ապահովել: Շատ կարճ ժամկետում ներդրումների վերադարձ կամ շահույթ կարող է ապահովել նաև կոշկագործությունը: Ա. Հարությունյանի կարծիքով՝ այս ոլորտների դեպքում ներդրողներին ոգևորելու համար անգամ պետք է նման հեղափոխական հարկային քաղաքականություն կիրառել: Բայց, օրինակ, գինեգործության դեպքում մեր երկրում դա քիչ հավանական է: Չէ՞ որ այդ ոլորտում գործարանի կառուցումից և համապատասխան սարքավորումներ ներկրելուց դեռ 3-4 տարի հետո նոր կարելի է շահույթ ապահովել: Արդյոք Հայաստանը կդիմանա՞ նման զոհողությանը, թեև այդ ոլորտը գերակա է համարում: Ա. Հարությունյանի ներկայացմամբ՝ Վրաստանն, օրինակ, գինեգործության մեջ կատարվող ներդրումը ազատել է հարկումից, Իտալիան խաղողագործությունն է 25 տարով ազատել հարկումից: «Բայց մեր պետությունը այդքան ռեսուրս չունի, այլ բան, որ հետո հետ բերի առաջին 3 տարիների կորուստները: Թեև դա իդեալական կլիներ գինեգործության համար, բայց մեր իրականության մեջ այնքան էլ ռեալ չէ»,- հավելում է Ա. Հարությունյանը: Իսկ տնտեսագետ Սամսոն Ավետյանը կարծում է, որ Վ. Ավանեսյանի այդ առաջարկությունը կարելի է կիրառել կոնկրետ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, գյուղատնտեսության առանձին ճյուղերը, ՏՏ ոլորտն ու տուրիզմը, որոնք մեր երկրում զարգացման հեռանկար ունեն: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ներդրումների խրախուսմանը կամ բիզնես միջավայրի բարելավմանը, ապա տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունն իր կառուցվածքային խնդիրներն ունի: «Պետք է պարզել, թե որն է մեր երկրի գրավչությունը, և պետք չէ համատարած քաղաքականություն վարել: Պետք է գրավիչ ոլորտների վրա կենտրոնանալ»,- եզրափակում է նա:   Լուսանկարը՝ Photolure-ի