Մոուրինյոն դժգոհ է, իսկ Մխիթարյանն իր վրա վերցրեց խաղը և…

Մոուրինյոն դժգոհ է, իսկ Մխիթարյանն իր վրա վերցրեց խաղը և…

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց տպավորիչ հաղթանակով՝ սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով Շվեյցարիայի չեմպիոն «Բազելի» նկատմամբ: Դաշտի տերերը մրցակցին գերազանցեցին խաղային բոլոր առումներով: Հանդիպման 19-րդ րոպեին վնասվածք ստանալով՝ խաղադաշտը լքեց «Յունայթեդի» առաջատարներից Պոլ Պոգբան: Նրա փոխարեն ասպարեզ դուրս եկավ Մարուան Ֆելաինին, ով դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: Այս փոփոխությունը, կարծում ենք, բեկումնային նշանակություն ունեցավ: Մասնավորապես, դաշտի կենտրոնական հատվածում խաղն իր վրա վերցրեց Հենրիխ Մխիթարյանը, ում շնորհիվ «Յունայթեդի» գրոհները զարգանում էին արագ և դինամիկ: Ի տարբերություն մի շարք հանդիպումների՝ երեկ Մխիթարյանը գործում էր ավելի համարձակ և չէր վախենում կորցնել գնդակը: Պոգբան գործելով կիսապաշտպանության կենտրոնում՝ չէր շտապում շուտ բաժանվել գնդակից, ինչի հետևանքով էլ փոխվում էր գրոհների բնույթը: Սլացիկ և արագ գրոհների փոխարեն՝ «Մանչեսթերի» ֆուտբոլիստները դիրքավորվում էին, ինչի հետևանով էլ մրցակիցը հասցնում էր փակել ազատ տարածությունները: Հենրիխ Մխիթարյանի գլխավոր զենքերից էր դաշտում արագ տեղաշարժվելն ու արագ՝ կրատիվ որոշում կայացնելը: Նրա խաղային դինամիկան ստիպում էր գրոհին մասնակցող ֆուտբոլիստներին ավելի նպատակաուղղված գործել: Ակնհայտ է, որ հաղթանակի կայացման մեջ էական նշանակություն ունեցավ Մխիթարյանին ենթահարձակվողի դիրքում խաղացնելը: Պոգբային փոխարինած Ֆելաինին, ում մասնակցությունը այս խաղին հարցականի տակ էր, ևս աչքի ընկավ գրագետ խաղով: Նա ազատ գործելու հնարավորություն տալով Մխիթարյանին՝ ավելի շատ զբաղված էր կիսապաշտպանության խորքում գրոհները մեկուսացնելով: Ֆելաինին հասցնում էր նաև մասնակցել գրոհներին՝ արդյունավետ գործելով հատկապես երկրորդ հարկում: Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը դժգոհել է իր ֆուտբոլիստների գործողություններից՝ քննադատական խոսքեր հնչեցնելով նրանց հասցեին: «Այո, հյուրընկալելիս կարևոր 3 միավոր վաստակեցինք և ուրախացրինք երկրպագուներին: Մինչև 2:0-ն ցուցադրում էինք կայուն ու վստահ խաղ՝ վերահսկելով հանդիպման ընթացքը: Երբ խփեցինք երկրորդ գոլը, թիմը դադարեց խաղալ և թույլ էր տալիս բազմաթիվ սխալներ, ինչի հետևանքով կարող էինք լուրջ խնդիրներ ունենալ: Սկսեցինք խաղալ համակարգչային՝ PlayStation-ի ֆուտբոլ: Չեմ ընդունում, երբ ֆուտբոլիստները փորձում են կատարել անիմաստ հնարքներ՝ չհարգելով մրցակցին: Դա անընդունելի է: Ինձ ամենևին դուր չեկավ մեր վերաբերմունքը, քանի որ խաղացողները շուտ թուլացան: Սա Չեմպիոնների լիգայի սկիզբն է: Պետք է լուրջ վերաբերվել գործին: «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» պես թիմերի համար Չեմպիոնների լիգան կսկսվի միայն փետրվարին: Այս թիմերը խմբային փուլում միայն նախավարժանք են կատարում: Երբ փետրվարին Պրեմիեր լիգայում սկսվեն ամանորյա խենթությունները, այդ ակումբները թարմ կլինեն և պատրաստ պայքարի: Հիմա մեզ համար առաջնային խնդիրն է նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Երբ անենք դա, կարող ենք վայելել լավագույն ակումբների դեմ խաղալու հնարավորությունը»,- ասել է Մոուրինյոն: Իսկ թե որ ֆուտբոլիստների գործողություններից է պորտուգալացի մասնագետը դժգոհ՝ չի բարձրաձայնել: «Բազելի» դեմ տպավորիչ հնարք կիրառեց նաև Մխիթարյանը՝ գնդակը փախցնելով մրցակցի ոտքերի միջով: Այս դրվագը դարձել է համացանցի այսօրվա հիթերից մեկը: Նշենք, որ ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ Մոուրինյոն չփոխարինեց Մխիթարյանին: Կարծում ենք՝ եթե «Յունայթեդի» գլխավոր մարզիչը դժգոհ լիներ մեր ֆուտբոլիստի գործողություններից, ապա Մխիթարյանը վերջնամասում կլքեր խաղադաշտը: Մխիթարյանը իր բարձրության վրա էր մինչև հանդիպման վերջին վայրկյանը: Մոուրինյոն վստահում է նրան, և «Բազելի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Յունայթեդի» առանցքային խաղացողներից է: Այս ենթախմբի մյուս խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել «Բենֆիկայի» նկատմամբ: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին՝ Մոսկվայում մրցելով ԲԿՄԱ-ի հետ: