Միացյալ Նահանգները սպասում է Հայաստանի կառավարության հիմնավորումներին

2017 թ. սեպտեմբերի 13-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով Հայաստանում երկրորդ անգամ անկացվեց համաժողով՝ նվիրված Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» կամ GSP ռեժիմի հնարավորություններին, որոնցից կարող են օգտվել հայ գործարարները՝ Միացյալ Նահանգներ ապրանք արտահանելու համար: Այս առիթով Հայաստան է ժամանել ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը, որը արտահանումների խթանման հարցերը քննարկել է Հայաստանի պաշտոնատար անձանց և գործարարների հետ: Համաժողովի մեկնարկից առաջ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրուցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, որ հայկական բիզնեսն ավելի մեծ ներուժ ունի GSP ծրագրի շնորհիվ մուտք գործելու ամերիկյան շուկա նվազեցված մաքսատուրքերով: «Իմ պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկու երկրների միջև, և հենց այդ պատճառով շատ ուրախ եմ Հայաստանում հյուրընկալելու Միացյալ Նահանգների Առևտրի ներկայացուցչի գրասենյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների: Մեր երկու այցելուներն այստեղ են խոսելու Միացյալ Նահանգների «Արտոնությունների ընդհանրացված համակարգի»՝ GSP ծրագրի մասին, որից կարող են օգտվել Հայաստանի գործարար շրջանակները: GSP ծրագիրը հնարավորություն է տալիս կոնկրետ երկրներից որոշակի ապրանքներ արտահանել Միացյալ Նահանգներ նվազեցված մաքսային վճարներով: Եվ արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի ներքո, մասնավորապես այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ոսկերչական իրերը, ջեմը և գյուղատնտեսական այլ արտադրանքներ: Համոզված եմ, որ հայկական բիզնեսն ավելի մեծ ներուժ ունի օգտվելու այս ծրագրից և մուտք գործելու ամերիկյան շուկա նվազեցված մաքսատուրքերով, ուստի ավելի շատ հայ գործարարներ կարող են օգտվել այս ծրագրի առավելություններից»,- ասաց դեսպան Միլսը: Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ժամանակներում ստորագրվի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչին ի պատասխան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձրացրել է համաձայնագրի հարցը, բայց ամերիկյան կողմը պատասխանել է, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իսկապես անհրաժեշտություն առաջանա նման համաձայնագիր ստորագրել առևտրաշրջանառությունը խթանելու համար: «Կրկնակի հարկման ներկայիս համաձայնագիրը, որը գործում է  1970 թթ., մեր կարծիքով՝ պահպանում է իր վավերականությունը և լիովին բավարար է մեր երկու երկրների առևտրային և բիզնես հարաբերություններն ապահովելու համար, և մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացնի Հայաստանի կառավարությունը՝ նոր համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու համար»։