Ծառուկյանի դժվար խնդիրը. ինչ կստացվի այս անգամ

Ծառուկյանի դժվար խնդիրը. ինչ կստացվի այս անգամ

ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ խորհրդարան ժամանած Գագիկ Ծառուկյանի լրագրողների հետ ճեպազրույցից հետո վերստին ակտիվացան խոսակցություններն ու հարցադրումները Ծառուկյանի և ՀՀԿ կոալիցիայի մասին: Ընդ որում՝ տպավորություն է, որ այդ հարցադրումներն ու քննարկումները, այսպես ասած, ռեֆլեքսային են, քանի որ գործնականում չի նշմարվում դրա որևէ տրամաբանական հենք: Ավելին՝ ներկայումս խնդիրը ոչ թե ՀՀԿ-ԲՀԿ կամ ՀՀԿ-Ծառուկյան նոր կոալիցիան է, որի վերաբերյալ հարցերին փորձում են պատասխանել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ու ինքը Գագիկ Ծառուկյանը, այլ ընդհանրապես Ծառուկյան քաղաքական գործոնի հետագա ճակատագիրը՝ լինի դա ԲՀԿ, թե «Ծառուկյան» դաշինք ֆորմատով: Ներկայումս ոչ թե կոալիցիայի հարց է, այլ 2022 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդհանրապես մասնակցության հարց, մասնակցության դեպքում էլ՝ ֆորմատի հարց: Գագիկ Ծառուկյանը մինչև 2015 թվականը ԲՀԿ-ով, իսկ 2017 թվականին էլ «Ծառուկյան» դաշինքով, ըստ էության, հանդիսացել է իշխանության, այսինքն՝ ՀՀԿ անվտանգության բարձիկը և իրենով ծածկել ընդդիմադիր ընտրազանգվածի դաշտը՝ այդպիսով ընդդիմադիր ուժերին զրկելով մանևրի հնարավորությունից և փոխարենը մանևրի լայն հնարավորություն տալով իշխանությանը: Ընդ որում՝ թվում էր, որ 2015-ի փետրվարից հետո իշխանությունն այլևս կարող է յոլա գնալ առանց այդ բարձիկի, և գուցե ամեն ինչ կլիներ այդպես, եթե չլիներ 2016-ի ապրիլը և առավել ևս՝ 2016-ի հուլիսյան իրադարձությունները, որոնք բացահայտեցին ահռելի վակուումը և դրա վտանգավորության աստիճանը: Այսինքն՝ պարզ դարձավ, որ իշխանությունը ընդդիմադիր հարթությունում վակուումը շփոթել է կառավարելիության, վերահսկելիության հետ: Այդ իսկ պատճառով առաջացավ այնպիսի իրավիճակ ստեղծելու անհրաժեշտություն, որը կապահովեր Գագիկ Ծառուկյանի վերադարձ և մասնակցություն քաղաքական գործընթացներին, մասնավորապես խորհրդարանի ընտրությանը, վտանգավոր վակուումը լցնելու համար: 2017-ից հետո, սակայն, բոլորովին այլ իրավիճակ է, և գործ ունենք այլևս բազմակենտրոն կառավարման համակարգի հետ, որի խնդիրն է լինելու իշխանության ներսում փոխադարձ վերահսկողության բարձրացումը: Իսկ այդ հանգամանքը, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական համակարգի բնույթն ու հաստատված խաղի կանոնները, էական նշանակություն ունի ընդդիմադիր հարթության կառավարելիության և վերահսկելիության համար: Ամենևին պատահական չէ, որ հուլիսյան իրադարձությունների հարցում մամուլում շոշափվում էին իշխանական տարբեր թևերի և խմբերի սաբոտաժային քայլերի վարկածներ, իսկ այդ իրադարձությունների օրերին Սերժ Սարգսյանն ակնհայտորեն հրահանգել էր ողջ համակարգին լուռ մնալ, իսկ հանգուցալուծումից հետո էլ Սարգսյանը սկսեց, այսպես ասած, համակարգային զտումը: Այժմ, բազմաբևեռ կառավարման համակարգի պայմաններում վերահսկողական մեխանիզմն, ըստ էության, դառնում է բոլորովին այլ տրամաբանությամբ գործող մի մեքենա, ինչն էլ իր հերթին առաջ է բերում ամբողջական քաղաքական համակարգում նոր տրամաբանության անցնելու անհրաժեշտություն: Եվ այստեղ խնդիրն արդեն ոչ թե կոալիցիան է, այլ ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի տեղը այդ նոր համակարգում՝ նա ունի՞, ունենալո՞ւ է տեղ, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, իշխանությունը շարունակելո՞ւ է ընտրական գործընթացներում երկբևեռ խաղի մարտավարությունը, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ ինքը Գագիկ Ծառուկյանը չունի այդ հարցի պատասխանը, թեև պատասխանը չունի, թերևս, ոչ ոք: Իհարկե, այստեղ շատ բան կախված է լինելու նրանից, թե 2018-ի որևէ հանգուցալուծումից հետո ընդհանրապես ինչպիսին կլինի իրավիճակը սեփականության անձեռնմխելիության և կապիտալի անվտանգության երաշխավորման հարցում: Եթե ներիշխանական նոր հարաբերակցությունը ապահովվի նաև անվտանգության և անձեռնմխելիության նոր համակարգով՝ կայուն և կանխատեսելի, ապա այստեղ ամենայն հավանականությամբ Ծառուկյանի գործոնը կնվազի աներկբայորեն: Հակառակ դեպքում, եթե անգամ նա ինքը չունենա ցանկություն շարունակել իր բուֆերային դերակատարումը, միևնույն է, ստիպված է լինելու՝ թե՛ հանգամանքների բերումով և իր անվտանգությունից դրդված, թե՛ նաև իշխող ՀՀԿ-ում նոր ստատուս քվոյի համար պայքարող բևեռների թելադրանքով, որոնք այդ դեպքում բաց չեն թողնի այնպիսի ռեսուրսը, ինչպիսին Ծառուկյանն է: Խորհրդարանական ճեպազրույցում Ծառուկյանն ինքն էլ շոշափում էր այդ հեռանկարը՝ փորձելով զգուշորեն խուսանավել կառավարությանը և Կարեն Կարապետյանին գնահատական տալուց: Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, հստակ պատկերացնում է, որ ՀՀԿ հետ կոալիցիա չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՀՀԿ, որպես այդպիսին, գոյություն չունի, և կան պարզապես իշխանության համար պայքարող խմբավորումներ այդ «կուսակցությունում»: Ծառուկյանի խնդիրն այդ պայքարի զոհ չդառնալն է: Դա, իհարկե, միայն նրա խնդիրը չէ, այլ ընդհանրապես իշխող համակարգի «օդում թևածող» հարցը: Համակարգի տրանսֆորմացիան որևէ ստատուս քվոյի տեսքով անխուսափելի է, միաժամանակ այդ տրանսֆորմացիան անհնար է առանց «զոհաբերության»: Համակարգը երկար ժամանակ դիմադրում է այդ «զոհաբերությանը» կամ փորձում այն դարձնել հնարավորինս «անցավ», սակայն ակնհայտ է, որ դա չի ստացվելու և ինչ-որ մասից հարկ է լինելու հրաժարվել՝ ամբողջը տրանսֆորմացնելով պահելու համար:   Լուսանկարը՝  armtimes.com-ի