Մենք պատրաստ ենք առաջնորդել քաղաքական սխալը ուղղելու ճանապարհը. Մանե Թանդիլյան

«Ելք» դաշինքն առաջարկել է Հայաստանի զարգացման իշխանությունից տարբերվող բոլորովին այլ տեսլական, Հայաստանը տեղ ունի զարգացած երկրների ընտանիքում և համարում ենք, որ Հայաստանը կարող է և պետք է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովի այս երկրների հետ ասոցացման և մերձեցման ճանապարհով: Անդրադառնալով Ելք խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մանե Թանդիլյանը: «Համարելով ԵԱՏՄ-ին միացումը քաղաքական սխալ ՀՀ-ի համար՝ մենք առաջ ենք գնացել և առաջարկել ենք լուծում այդ սխալից: Մենք մեր ծրագրային դրույթներում ունենք ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու և բանակցությունները շարունակելու դրոյնթները, և հետևում ենք մեր օրակարգին, ունենք նախանշված ճանապարհ, գիտենք ինչպես դա պետք է անենք և ինչ օրակարգով ենք եկել Ազգային ժողով»,-ասաց նա: Հարցին՝ ակնկալո՞ւմ եք հանրային աջակցություն, երբ 2013-ի ապրիլից հետո անդամակցությանը դեմ դուրս եկողները չունեցան մեծ աջակցություն, պատգամավորը նշեց.«Այն ժամանակվա հանրային աջակցության բացակայության պատճառը հանրության վատ տեղեկացվածությունն է եղել, և ՀՀ քաղաքացիները այդպես էլ չընկալեցին, թե մենք ինչից զրկվեցին, երբ հրաժարվեցինք ասոցացումից և մտանք ԵԱՏՄ»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստվում են հանրայանացնել, հանրությանը ներգրավել: «Երեկ հրապարակվեց մի հարցում, որտեղ ակնհայտ է դառնում, որ մարդիկ հասկանում են ԵԱՏՄ անդամակցության շարունակության վտանգները և այլևս այլ վերաբերմունք ունեն ԵԱՏՄ-ին և ԵՄ ասոցացման համաձայնագրին: Հանությունն աճել է, մարդկանց գիտակցության մեջ տեղի է ունեցել փոփոխություն, և մեր դաշինքը հենց այդ հանրային կարծիքները օրակարգ դարձնելու առաջնահերթություն ունի և մենք տեսնում ենք, որ սա այն պատեհ ժամանակն է, երբ մարդիկ այլևս այլ մտածելակերպ և դիրքավորում ունեն ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի գոյությանը՝ սկսած ապրիլյան պատերամից՝ ավարտած տնտեսական նահանջով, որն ակնհայտ է, և ըստ էության մենք ձևակերպել ենք հանրային օրակարգ»: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությանը կողմ քվեարկած ուժերը պետք է դեմ խոսեին այս հայտարարությանը, բայց երբ ասում են այլընտրանք չկա, նշանակում է չեն կարդացել այս փաստաթուղթը: «Մենք գիտակցում և ընդունում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կարևորությունը և դրանց ռազմավարական նշանակությունը, բայց դա չենք կապում ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց նա:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: