Ինչո՞ւ է նյարդային ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի՞թե չի հավատում Շարմազանովին. ՀԺ

Ինչո՞ւ է նյարդային ՀՀ-ում ՌԴ դեսպանը, մի՞թե չի հավատում Շարմազանովին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայ լրագրողների հարցերին պատասխանելիս հունից դուրս է եկել. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը, պատասխանելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը հին սերնդից է և փորձված դիվանագետ, ուստի պետք է լուրջ պատճառներ ունենար բռնկման համար: Պատճառներից մեկը հենց հարցի համատեքստն է եղել: Բանն այն է, որ լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանով է տրամաբանական, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Պաշտոնական Երևանը Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքը համարում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կնճիռը: Այս մասին բազմիցս է խոսվել ամենաբարձր մակարդակով, իսկ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անգամ դեմ առ դեմ բացատրություն էր պահանջում ռուսական կողմից: Եվ այնուամենայնիվ, զենքի մատակարարումը անխափան շարունակվում է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հայտնի մեղադրանքը Ուկրաինային զենք վաճառելու հետ կապված՝ լուրջ խաղաքարտ է դարձել Հայաստանի ձեռքին: Առաջին հերթին հենց այս հանգամանքն է դեսպանին հունից հանել, որովհետև իրականում այդ փաստարկին հակադարձելու ոչինչ չկա: Մյուս կողմից, Երևանում կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական տրամադրություները, իսկ ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, առաջին հերթին համարվում է հարված՝ ուղղված ՌԴ-ին: Դեսպանն, ընդ որում, այս թեմայով հարցին շատ ավելի ինքնավստահ է պատասխանել. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետև նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։ Վոլինկինն, իհարկե, չի կարող տեղյակ չլինել, որ արդեն տևական ժամանակ է, ՀՀԿ-ականները փորձում են հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ում գտնվելու ակնհայտ առավելությունները, սակայն առայժմ համոզիչ ցուցանիշներ չեն կարողանում բերել: Գուցե նաև դա է ընդհանուր լարվածության պատճառը, որովհետև մի կողմից հանրության, քաղաքական, մտավորական էլիտայի մեջ Ռուսաստանի հանդեպ արդարացված դժգոհություն կա Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, մյուս կողմից փաստարկները, թե ինչ է շահում ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, էապես կաղում են: Այդ դեպքում, բնականաբար, մեծ է վտանգը, որ Հայաստանում «Ելքի» նախաձեռնությունը թափ կհավաքի սրանից բխող հետևանքներով: Տարօրինակն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ ապացուցելու համար, որ իրենք չեն կիսում ընդդիմության մոտեցումները և ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չեն տեսնում: Էդուարդ Շարմազանովը արդեն երկու շաբաթ այս թեմայով հարցազրույցներ է տալիս, անգամ ամբիոնից իր հայտարարությունը նվիրել է սրան: «Եվս մեկ անգամ ամրագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլև ունեն ընդլայնման միտումներ»,- ասել է նա: Զուգահեռաբար իշխանությունը հոգ է տանում, որ հակառուսական տրամադրությունները հնարավորինս քողարկվեն և ջրի երես դուրս չգան: Դրա համար նույնիսկ դիմում են աբսուրդ քայլերի, ինչպես Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքն է:  Ցուցադրությունը նվիրված է Ստալինյան ռեպրեսիաների 100-րդ տարելիցին, իսկ իշխանության ներկայացուցիչները դրա մեջ հակառուսական քաղաքական էլեմենտ են տեսել: Նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն թույլ չի տալիս քննարկում ծավալել Երևանի որոշ փողոցներ վերանվանելու՝ ավագանու «Ելք» խմբակցության առաջարկի շուրջ: Այստեղ նույնպես հակառուսական էլեմենտ է նշմարում, հատկապես որ ՌԴ քաղաքական շրջանակներից չհապաղեցին իրենց վրդովմունքը հայտնել այդ գաղափարի նկատմամբ: Թվում է, շուտով երևանյան բիսեդկաներում զրույցների ժամանակ ՌԴ-ի դեմ որևէ խոսք ասելու արգելք կսահմանվի: Եվ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է, թե ինչու է նյարդայնացած Իվան Վոլինկինը: Մի՞թե ռուս բարեկամները չեն հավատում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, չի ունեցել և տեսանելի ապագայում չի ունենալու»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝ yerkir.am-ի